Գյումրիում յուրաքանչյուր ուրբաթ բոլոր ցանկացողները կսովորեն հայ ավանդական ու ազգագրական պարեր

Armenpress 21:21, 19 Հուլիս, 2018
ԳՅՈՒՄՐԻ,19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում, այսուհետեւ յուրաքանչյուր ուրբաթ բոլոր ցանկացողները կսովորեն հայ ավանդական ու ազգագրական պարեր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին գյումրեցիներին տեղեկացրեց «Կարին» համույթի ղեկավար, ազգային պարերի բանահավաք և ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ՝ Գագիկ Գինոսյանը:Հայկական ավանդական պարերի՝ այս տարվա առաջին բացօթյա ուսուցումն անցկացվեց հուլիսի 19-ին՝ «Գյումրի կոմերցիոն կենտրոն»-ի տարածքում: Նախաձեռնությանը միացածների թիվն արդեն խոսում էր Գյումրիում ազգային պարերի հանդեպ ունեցած հետաքրքրության մասին: Գագիկ Գինոսյանը մինչ պարելը, ներկայացրեց պատմական ակնարկ, ավանդական պարերի նշանակությունն ու մեկնաբանությունը: «Կարին» համույթին միացել էին նաև Գյումրու «Հրայրք» ավանդական պարի և այլ համույթներ: Նախաձեռնությունն անտարբեր չէր թողել ինչպես գյումրեցիներին, այնպես էլ Գյումրի այցելած հյուրերին: Պարողներին էր միացել նաև Շիրակի փոխմարզպետ Սոֆյա Հովսեփյանը: «Նմանատիպ նախաձեռնությունները ազգային ինքնագիտակցության բարձրացման ու ազգային դիմագիծը պահպանելու ամենակարևոր դրսևորումներից են»,-իր խոսքում նշեց Գագիկ Գինոսյանը՝ ուրախությամբ փաստելով, որ Գյումրիում շատ երիտասարդներ են այսօր կարողանում ազգայինը ներկայացնել պարի միջոցով: Անցած 3 տարիների ընթացքում Գյումրիում Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնի և Սբ. Աստվածածին «Յոթ Վերք» երիտասարդական միության նախաձեռնությամբ բոլոր ցանկացողները ամռան ընթացքում ամեն շաբաթ հայ ավանդական ու ազգագրական պարեր էին սովորում:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am