ԲԴԽ-ն վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղի համար թեկնածու է առաջարկել

Armenpress 20:48, 19 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բարձրագույն դատական խորհուրդը որոշել է ՀՀ նախագահին առաջարկել է Նորա Արայիկի Կարապետյանի թեկնածությունը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համար:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին դատական խորհրդից, կառույցը հաստատել է 2018 թվականի հուլիսի 6-ին տեղի ունեցած քվեարկության արդյունքներով կազմված՝ վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակը՝ քաղաքացիական մասնագիտացման բաժնի մասով: Ցուցակում ընդգրկվել են Նարեկ Աշոտի Գաբրիելյանը, Կարեն Վաչիկի Համբարձումյանը, Դավիթ Մարատի Սերոբյանը:

Դատական խորհուրդը չի հաստատել 2018 թվականի հուլիսի 6-ին տեղի ունեցած քվեարկության արդյունքներով կազմված վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակը՝ քրեական մասնագիտացման բաժնի մասով: 

Խորհուրդը նաև որոշել է վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի՝ քրեական մասնագիտացման բաժնի մասով իրականացնել արտահերթ համալրում: Համալրման նպատակով դիմած թեկնածուների վերաբերյալ տվյալները նախապես պետք է տեղակայվեն դատական իշխանության պաշտոնական կայքում՝ հանրային իրազեկման համար:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am