ԵԱՀԿ-ն հրապարակել է Ադրբեջանի նախագահական ընտրությունների վերաբերյալ վերջնական զեկույցը

Armenpress 18:39, 19 Հուլիս, 2018
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ) հուլիսի 18-ին հրապարակել է Ադրբեջանում ապրիլի 11-ին կայացած նախագահական արտահերթ ընտրությունների մասին վերջնական զեկույցը և կոչ արել բարեփոխել երկրի Ընտրական օրենսգիրքը:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:
ԺՀՄԻԳ-ն Ադրբեջանին կոչ է արել ընտրական օրենսդրությունը մինչև հաջորդ ընտրություններ համապատասխանեցնել միջազգային չափանիշներին և ստանձնած պարտավորություններին:
Զեկույցում նշված է, որ պետք է անցկացվի ընտրության օրը գրանցված խախտումների պատշաճ հետաքննություն, դիտարկվեն ընտրատեղամասերի տեսախցիկների աշխատանքը, ստորագրված ընտրացուցակներն, ինչպես նաև վավեր և անվավեր քվեաթերթիկները:
 
ԵԱՀԿ (ԺՀՄԻԳ) զեկույցում անդրադարձ է կատարվել նաև Ադրբեջանում գործող կայքերի արգելափակման և արգելման գործառույթը դատարաններին փոխանցելու հարցը, առաջարկ է կատարվել զրպարտությունը ապաքաղաքականացնելու վերաբերյալ:
Զեկույցի համաձայն՝ ընտրությունների ժամանակ գրանցվել են բազմաթիվ խախտումներ, իշխանությունների կողմից պետական սեկտորի աշխատակիցների ուղղորդման դեպքեր:
 
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանով երկրում արտահերթ նախագահական  ընտրություններն անցկացվեցին  2018 թվականի ապրիլի 11-ին՝ հոկտեմբերի 17-ի փոխարեն:  Միջազգային մի շարք կազմակերպությունների կարծիքով՝ արտահերթ ընտրությունների վերաբերյալ որոշումը չի պարունակել փաստարկներ, որոնք կարող էին հիմնավորել դրանց անցկացման քաղաքական անհրաժեշտությունը: Հրամանագիրը ստորագրվել էր առանց խորհրդարանում բաց քննարկումներ կազմակերպելու:
 


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am