1000х90.jpg (78 KB)

Արտակ Զեյնալյանն ընդունել է ԵԱՀԿ գրասենյակի գործող ղեկավարի կոռուպցիայի դեմ պայքարի հարցերով հատուկ ներկայացուցչին

Armenpress 17:48, 19 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հուլիսի 19-ին ընդունել է ԵԱՀԿ գրասենյակի գործող ղեկավարի կոռուպցիայի դեմ պայքարի հարցերով հատուկ ներկայացուցիչ, Իտալիայի արդարադատության նախկին նախարար Պաոլա Սեվերինոյի գլխավորած պատվիրակությանը:

Նախարար Զեյնալյանը բարձր է գնահատել գործընկերոջ կենսագրությունն ու  մասնագիտական ձեռքբերումները՝ հատկապես կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված ոլորտում:

Պաոլա Սեվերինոն կարևորել է Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը և նշել, որ նոր Կառավարությունը կհաջողի, քանի որ ունի հանրության, երիտասարդության աջակցությունը: Այդ համատեքստում ԵԱՀԿ ներկայացուցիչը Հայաստանի հաջողության գրավականն է համարել Կառավարության ծրագրում ներառված մասնագիտացված, անկախ հակակոռուպցիոն մարմնի ստեղծումը, որն օժտված է լինելու օպերատիվ-հետախուզական, հետաքննական և նախաքննական գործառույթներ իրականացնելու իրավասությամբ։

Հանդիպման ընթացքում Պաոլա Սեվերինոն ներկայացրել է Իտալիայի հակակոռուպցիոն ոլորտի փորձը, անցած ճանապարհը, այդ ճանապարհին ի հայտ եկած խնդիրներն ու ընդգծել, որ պայքարում դրական արդյունք արձանագրելու կարևոր երաշխիքներից է կայացած, անկախ և պրոֆեսիոնալ դատական համակարգի առկայությունը: 

Հանդիպման ավարտին կողմերն անդրադարձել են նաև կոռուպցիայի դեմ պայքարի Հայաստանի տեսլականին, ոլորտի օրենսդրության կատարելագործմանը, ԵԱՀԿ-ի և Իտալիայի կողմից այդ աշխատանքներին աջակցելու հնարավորություններին և այլ հարցերի:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am