Եղվարդում կասեցվել է նավթավերամշակման գործարանի շինարարությունը

Armenpress 17:39, 19 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից հուլիսի 10-ին «Արմօյլ» ՓԲԸ նկատմամբ հարուցված վարչական վարույթի շրջանակում պարզվել էր, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Նատի թաղամասում նավթավերամշակման գործարանի շինարարությունը սկսելուց առաջ «Արմօյլ» ՓԲԸ չի իրականացրել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով նախատեսված հիմնադրութային փաստաթղթերի հիման վրա գործարանի հետագա կառուցմամբ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում և փորձաքննություն։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից:

Ելնելով վերոգրյալից՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը հուլիսի 16-ին կայացրել է նավթավերամշակման գործարանի շինարարությունը կասեցնելու մասին որոշում մինչև «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով նախատեսված հիմնադրութային փաստաթղթերի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը և փորձաքննության դրական որոշման ստացումը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am