ԵՊՀ ուսանողներն Արցախում 7 օր ապրեցին զինվորական կյանքով

Armenpress 16:28, 19 Հուլիս, 2018

ԱՐՑԱԽ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետությունում անցկացվեց «ԵՊՀ ուսանողական ռազմական բանակում- 2018» ծրագիրը: Մայր բուհի շուրջ 100 ուսանող Շուշիում 7 օր ապրեցին զինվորական կյանքով: Ծրագիրն անցկացվում է արդեն 5-րդ անգամ: Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը:

«Ուսանողների շրջանում զինվորների կյանքին ու առօրյային ծանոթանալու մեծ ցանկություն կա: Քանի որ շատ խոսակցություններ ենք լսում բանակային կյանքի մասին, որոնք իրականությանը չեն համապատասխանում, այս ծրագիրը հնարավորություն է տալիս անձամբ գնալ և տեսնել զինվորի առօրյան: Ուսանողները նաև կրակային պատրաստության գործնական պարապմունքների են մասնակցում, իրականացնում են մարտական հրաձգություն, ինչը, հաշվի առնելով մեր երկրի վիճակը, կարծում եմ շատ կարևոր է»,- նշեց Դավիթ Ափոյանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ուսանողները բանակումին դիմելու հայտը լրացնելիս նշել էին նախընտրելի դասակը, որի կազմում ցանկանում էին անցնել իրենց պայմանական ծառայությունը: Այս տարի դրանք 3-ն էին՝ մարտական պատրաստություն, առաջին բուժօգնություն և տեղեկատվական անվտանգություն: ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահի խոսքով՝ յուրաքանչյուր դասակն իր կարևոր առաքելությունն ունի:

«Մարտական պատրաստության դասակն ամեն տարի իր ծրագիրն իրականացրել էր, այս տարի ավելացվեցին նաև մյուս երկու դասակները: Քանի որ Ապրիլյան պատերազմի ընթացքում ու դրանից հետո նաև շատ ենք հանդիպում ապատեղեկատվության, ուսանողների մեջ առանձնացրեցինք մի դասակ, որը կփորձի տարբերել ապատեղեկատվությունը ճիշտ տեղեկատվությունից: Այդ դասակը հետագայում իր ներուժը կծառայեցնի, որպեսզի մեր հասարակությունը ինֆորմացիոն հոսքից խուճապի չմատնվի և թշնամու սադրանքներին չտրվի: Իսկ առաջին բուժօգնության դասակի կազմը կարող է իր գիտելիքներն ու գործնական հմտությունն օգտագործել ոչ միայն մարտի դաշտում, այլև առօրյա կյանքում»,- ասաց ուսանողական խորհրդի նախագահը:

«ԵՊՀ ուսանողական ռազմական բանակում-2018»-ի մասնակիցները մինչև Արցախ հասնելը նախօրոք բաժանվել էին նաև ջոկերի, որոնք իրար հետ մրցում էին լավագույնի կոչումը նվաճելու համար: 5 ջոկից միայն մեկի հրամանատարն էր իգական սեռի ներկայացուցիչ, սակայն այդ հանգամանքը նրան չխանգարեց ջոկի հետ դառնալ բանակումի հաղթող: 5-րդ ջոկի հրամանատար Հասմիկ Վարդումյանի խոսքով՝ ջոկ ղեկավարելու առաջարկն իրեն սկզբում վախեցրել է:

«Ամառային ճամբարում ջոկատավար եղել էի, բայց զինվորական օրակարգն այլ է: Հրաման տալն էլ իմը չէ, չէի պատկերացնում ինձ այդ դերում: Առաջին 2 օրը շատ լարված էի, ջոկի անդամներից շատերի հետ ծրագրի շրջանակում ենք ծանոթացել, և պետք է կարողանայի լինել մի կողմից լավ հրամանատար, մյուս կողմից լավ ընկեր նրանց համար»,- նշեց Հասմիկ Վարդումյանը:

Շուշիում անցկացրած 7 օրերի ընթացքում ԵՊՀ ուսանողները հանդիպումներ ունեցան նաև Արցախի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Նորայր Շողիկյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am