Բանաստեղծուհի Կամիլայի՝ «Ծաղկած ցավ» գրքի շնորհանդեսն ուղեկցվեց «Հայկական խճանկար» համերգով
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը «Տաղարան» համույթը՝ խմբի գեղարվեստական ղեկավար Սեդրակ Երկանյանի գլխավորությամբ, կազմակերպել էր բանաստեղծ, դաշնակահար Կամիլա Երկանյանի գրքի շնորհանդեսը և «Հայկական խճանկար» համերգը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառման սկզբնական հատվածում հանդես եկավ Կամիլա Երկանյան-Քեշիշյան և Զաքար Քեշիշյան դուետը: Ամուսինները Երևանում առաջին անգամ էին միասին ելույթ ունենում: Զաքար Քեշիշյանը տիրապետում է դուդուկ և շվի երաժշտական գործիքներին: Շուշիում ունի սեփական երգչախումբ: Քեշիշյանի խոսքով՝ ամուսինները միշտ են ցանկություն ունեցել Երևանում միասին ներկայանալ:
«Մենք համերգներով շրջել ենք աշխարհի տարբեր երկրներում: Միշտ ցանկացել ենք Երևանում միասին ելույթ ունենալ, բայց ժամանակի սղության պատճառով չէր ստացվում: Այս անգամ որոշեցինք համերգը գրքի շնորհանդեսի հետ համատեղել»,-ասաց նա:
Համերգային հատվածից հետո տեղի ունեցավ բանաստեղծ, դաշնակահար Կամիլա Քեշիշյանի՝ «Ծաղկած ցավ» գրքի շնորհանդես-գինեձոնը:
Բանաստեղծուհու ստեղծագործության և, մասնավորապես, այս՝ 6-րդ գրքի արժանիքները ներկայացրին գրականագետ Սերժ Սրապիոնյանը, լիբանանահայ գրաքննադատ Արմեն Յուրնեշյանը, բանաստեղծ Գագիկ Դավթյանը, գրող Ֆելիքս Բախչինյանը, այլոք:
Համերգային հատվածում դաշնամուրի և շվիի համատեղությամբ հնչեցին Սայաթ-Նովայի, Կոմիտասի, Խաչատուր Ավետիսյանի, Ռոբերտ Պետրոսյանի ստեղծագործություններից: