Այնպես չէ, որ գումար չկա, ճանապարհը կանգնած է. նախարարը՝ «Հյուսիս-հարավի» ֆինանսավորում չունեցող հատվածների մասին

Armenpress 20:58, 18 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը վստահեցնում է՝ կան կազմակերպություններ, որոնք պատրաստակամ են ֆինանսավորել «Հյուսիս-հարավ» ճանապարհային հանգույցի՝ դեռևս չկառուցված հատվածները:

Աշոտ Հակոբյանի խոսքով՝ ներկայում իրենք մտածում են պետության պարտավորությունների գույքագրման, առկա հնարավորությունների հստակեցման, հետո նոր ֆինանսական միջոցներ հայթայթելու ուղղությամբ: «Այն, որ որոշ հատվածների համար դեռևս ֆինանսավորում չունենք, պայմանավորված է նրանով, որ ցանկանում ենք գույքագրել այս պահին պետական պարտքի, պետության ֆինանսական վիճակի հետ կապված հարցերը: Հասկանանք՝ որն է ավելի առաջնահերթ, ապա ֆինանսական միջոցներ ներգրավելու հարցը քննարկենք: Կան պատրաստակամ կողմեր, որոնք հակված են միջոցներ տրամադրել: Հարցն այնպես չէ, որ գումար չկա, ճանապարհը կանգնած է, չէ այդպիսի խնդիր չունենք»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց նախարարը:

Նա նշեց, որ վարկային համաձայնագրով տրամադրված 540 միլիոն դոլարից 222 միլիոն դոլարն է ծախսվել, մնացած մասն առկա է:

Դեռևս ֆինանսավորում առկա չէ Արտաշատ-Սիսիան (շուրջ 175 կմ), Սիսիան-Քաջարան (շուրջ 60 կմ), Գյումրի շրջանցիկ  (շուրջ 23 կմ), Գյումրի (Քեթի) - Բավրա (շուրջ 35 կմ) ճանապարհահատվածների համար:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am