1000х90.jpg (78 KB)

«Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի Սիսիան-Քաջարան հատվածը հնարավոր է վճարովի լինի  

Armenpress 20:31, 18 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման տարբերակ է դիտարկում պետություն-մասնավոր հատված համագործակցության ձևաչափի կիրառումը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին արտագնա մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը:

Ըստ նախարարի՝ Սիսիան-Քաջարանն ամենաբարդ հատվածներից է, որը նաև ֆինանսական մեծ ներդրումներ է պահանջում: «Պետություն-մասնավոր հատված համագործակցության հիմնական տարբերակներից մեկը վճարովի ճանապարհներ կառուցելն է: Քանի որ այստեղ ներդրման չափը մեծ է, ճիշտ կլինի այդ ֆորմատով հարցին մոտենալ: Տարբեր երկրներում վճարովի ճանապարհների փորձը կա: Եթե ճանապարհը լինի վճարովի, կան մոտավոր հաշվարկներ, որոնց համաձայն, այդ վճարը չի գերազանցելու մարդատար ու բեռնատար ավտոմեքենաների համար կրճատված հատվածի վառելիքի և ամորտիզացիայի արժեքը»,-ասաց նախարարը։ Նա նկատեց, որ նոր ճանապարհի դեպքում լեռներով անցումների փոխարեն կիլինի այլ 100 կմ/ժ հաշվարկային արագությամբ ուղիղ ճանապարհ:

Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածը, որը 60 կմ է, ներառված է Տրանշ 4-ում՝ Արտաշատ-Իրանի սահման հատվածում: Տրանշ 4-ի շրջանակներում կառուցվելիք ճանապարհի ընդհանուր երկարությունը 281 կմ է: Ճանապարհը բաժանված է երեք հատվածների՝ Արտաշատ-Սիսիան (175 կմ), Սիսիան-Քաջարան (60 կմ) և Քաջարան-Ագարակ (32 կմ): Քաջարան-Ագարակ հատվածի շինարարության համար Եվրասիական զարգացման բանկի հետ ստորագրվել է վարկային համաձայնագիր:

Քաջարան-Ագարակ հատվածի մանրամասն նախագծման համար իրականացվում է միջազգային մրցույթ: Շինարարության մեկնարկը նախատեսված է 2020 թվականին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am