1000х90.jpg (78 KB)

«Սիրիահայերի և տեղացիների դիմակայունության բարձրացում» ծրագրի իրականացման համար ԵՄ-ն 3 մլն եվրո է հատկացրել

Armenpress 12:10, 18 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սիրիահայերի և տեղացիների դիմակայունության բարձրացում» ծրագիրը նպատակը ներդրում ունենալն է ինտեգրման ազգային քաղաքականության մեջ, որն ուղղված է Հայաստանում սիրիահայերի արժանապատիվ կյանքի ապահովմանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հուլիսի 18-ին տրվեց «Սիրիահայերի և տեղացիների դիմակայունության բարձրացում» ծրագրի մեկնարկը:

Ծրագրի հատուկ նպատակն է բարելավել սիրիահայերի և տեղաբնակների սոցիալական ու տնտեսական դիմակայունությունը, ինչպես նաև հզորացնել Հայաստանի տնտեսական աճի ինստիտուցիոնալ կարողությունները:

ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը վստահություն հայտնեց, որ սիրիական հակամարտության հետևանքով Հայաստանում հաստատված սիրիացի փախստականների և հատկապես սիրիահայերի հիմնախնդիրներն այս միջոցառմանը ներկա բոլոր կառույցների և կազմակերպությունների գործունեության առաջնահերթություններից են:

« Հայաստան տեղափոխված սիրիացիների նկատմամբ մեր պետությունը և հասարակությունն ի սկզբանե բավականին ջերմ և հյուրընկալ մոտեցում են ցուցաբերել: Վստահ եմ, որ թավշյա հեղափոխության արդյունքում ստեղծված իրավիճակը ներկայիս կառավարությանը թույլ կտա գործընկեր կառույցների շարունակական փոխգործակցությամբ ավելի արդյունավետ արձագանքել վերջիններիս ամենաառաջնային և զարգացման հետ կապված խնդիրներին»,- ընդգծեց նախարարը:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Պյոտր Սվիտալսկին նշեց, որ Եվրոպական Միությունը 3 մլն եվրո է տրամադրել այս ծրագրի իրականացման համար:

«Մենք հասկանում ենք, որ այս գումարը տալիս ենք անհրաժեշտ և օգտակար ծրագրի համար: Հույս ունեմ, որ այն կկարողանա շոշափելի արդյունքներ բերել: Մենք ուշադրություն ենք դարձնում նաև սիրիահայերի առողջապահության, կացության, զբաղվածության հարցերին»,- ասաց Սվիտալսկին:

Ծրագրի շնորհիվ 9000 սիրիահայ ավելի լավ տեղեկացված կլինի առկա ծառայությունների վերաբերյալ, 1100 սիրիահայի և տեղացի հայի սոցիալական վիճակը կբարելավվի, 720-ը կօգտվի բնակարանային հարցի լուծման համար տրվող աջակցությունից և 200 ձեռներեց աջակցություն կստանա բիզնես պլանների և դասընթացների միջոցով ու 360 ուսուցիչ հոգեբանական Առաջին օգնության դասընթաց կանցնի:

Ծրագիրը կտևի 36 ամիս՝ 2018 թվականի հուլիս ամսից մինչև 2021 թվականի հունիս ամիսը: Ֆինանսավորումն իրականացվում է Եվրոպական Միության տարածաշրջանային հիմնադրամի, համաֆինանսավորվում Ավստրիական զարգացման գործակալության և Ավստրիական Կարմիր խաչի կողմից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am