Արմեն Գրիգորյանը պարզաբանում է ներկայացրել «Կոմերսանտ»-ում իր հարցազրույցի վերաբերյալ

Armenpress 22:10, 17 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ,  17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը պարզաբանում է հրապարակել «Կոմերսանտ»-ում իր հարցազրույցի վերաբերյալ:

«Երեկ Ռուսաստանից, Բելառուսից, Ղրղզստանից, Վրաստանից, Ուկրաինայից, Մոլդովայից, Ղազախստանից ժամանած լրագրողների հետ հանդիպմանը ռուս լրագրողի՝ ՆԱՏՕ-Հայաստան հարաբերություններին վերաբերող հարցին ի պատասխան, միտքս ձեւակերպել եմ հետեւյալ կերպ, որի մի մասը «Կոմերսանտ»-ը երեկ լուսաբանել էր, իսկ այսօր՝ թարմացրել: Հայաստանը զարգացնում է իր հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ արդեն գոյություն ունեցող ձեւաչափերում` Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի եւ Պլանավորման եւ վերանայման գործընթացի շրջանակներում: Մենք նաեւ Աֆղանստանում եւ Կոսովոյում մասնակցում ենք ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելություններում: Ադրբեջանի ռազմական կարողությունները հասկանալն էլ է կարեւոր, քանի որ ադրբեջանցի սպաներն իրենց փորձառությունն են անցնում Թուրքիայում, որը ՆԱՏՕ-ի անդամ երկիր է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, իր ֆեյսբուքյան էջում գրել է Արմեն Գրիգորյանը:

«Կոմերսանտ»-ը գրել էր, որ ըստ Արմեն Գրիգորյանի՝ Հայաստանը մասնակցում է ՆԱՏՕ-ի առաքելություններին, քանի որ ադրբեջանցիները պատրաստվում են Թուրքիայում, որը ՆԱՏՕ անդամ է, ու Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ գործակցում է, որ տեղյակ լինի, իմանա, թե ինչպես են պատրաստվում ադրբեջանցիներ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am