Մալիշկա համայնքի ղեկավարը պատգամավորի թեկնածուից 13 մլն դրամ է ստացել ընտրակաշառք բաժանելու համար. ոստիկանություն

Armenpress 20:01, 16 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանությունը հաղորդում է  հաղորդում է ընտրակաշառք բաժանելու եւ պաշտոնեական դիրքը հակառակ ծառայության  շահերին օգտագործելու դեպքերի մասին:

Ինչպես  «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնից, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողների ստացած օպերատիվ տեղեկությունների հիման վրա ձեռնարկված հետախուզական միջոցառումներով, որոնց մասնակցել են նաև ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության և Եղեգնաձորի բաժնի ծառայողները, պարզվել է, որ Վայոց ձորի մարզի Մալիշկա համայնքի ղեկավարն ու որդին՝ համայնքի մարզադպրոցի տնօրենը, իրենց պաշտոնեական դիրքն օգտագործել են հակառակ ծառայության շահերի։

Մասնավորապես, 2016 թվականի հունվարի 1-ից մարզադպրոցում որպես բուժքույր են ձևակերպել Մալիշկա համայնքի ղեկավարի կնոջը, որը նրանց գիտությամբ փաստացի աշխատանքի չի հաճախել և մինչև այս տարվա մայիս ստացել է 2.160.000 հազար դրամից ավելի աշխատավարձ։ 

Պարզվել է նաև, որ 2017 թվականին Մալիշկա համայնքի ղեկավարը և համայնքապետարանի գլխավոր հաշվապահը համայնքի 11 բնակչի անվամբ ձևակերպել ու դուրս են գրել 410.000 դրամ՝ որպես սոցիալապես անապահով ընտանիքների օգնություն։ Դուրս գրված գումարը յուրացվել է։ Ոստիկանությունում նախապատրաստված նյութերով պարզվել է ևս մի ապօրինություն։ 

Մասնավորապես, 2017 թվականի ապրիլին տեղի ունեցած Ազգային ժողովի ընտրություններին Մալիշկա համայնքի ղեկավար Մհեր Մովսիսյանը, որը Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ է, պատգամավորի թեկնածու Աշոտ Արսենյանից առձեռն ստացել է 13.000.000 դրամ՝ ընտրակաշառք բաժանելու և Արսենյանի օգտին 1300 ձայն ապահովելու նպատակով։ 

Ոստիկանությունում հարուցված քրեական գործի նյութերը փոխանցվել են հատուկ քննչական ծառայություն՝ նախաքննության։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am