Սփյուռքահայ ուսուցիչները հանդիպեցին Գրողների միության անդամների հետ

Armenpress 18:26, 16 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Գրողների միությունում տեղի ունեցավ հանդիպում սփյուռքահայ ուսուցիչների հետ: Հանդիպումը կազմակերպվել է սփյուռքահայ ուսուցիչների ամառային վերապատրաստման շրջանականերում, որն իրականացնում է ՀՀ ԿԳՆ-ն:

«Հանդիպման նպատակը Սփյուռքի հայկական վարժարանների ուսուցիչներին մայր հայրենիքի հետ ամուր կապելը, նրանց կրթական կարիքները վերհանելն ու  վերապատրաստելն է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց  Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի մեթոդիստ Քնարիկ Աբրահամյանը:

Հանդիպմանը ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը: «Ձեր այստեղ գտնվելը մեզ ուրախություն է պարգևում: Մենք հպարտ ենք, որ ուսուցչի սրբազան գործը Սփյուռքում շարունակող կա: Չէ՞ որ գրականության և լեզվի միջոցով է պատկերվում տվյալ ազգի պատմությունը, լեզվի միջոցով են կրթվում երեխաները»,- ասաց նա:

Իր շնորհակալական խոսքը հայտնեց նաև Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ հայ նոր և նորագույն գրականության և նրա դասակարգման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, «Սփյուռք» գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Սուրեն Դանիելյանը` նշելով, որ սփյուռքահայ ուսուցիչների գոյությունը երաշխավորում է այն, որ հայ գրական գործիչների խոսքը երբեք քարին չի դիպչի: «Ձեր շնորհիվ յուրաքանչյուր ստեղծագործություն գտնում է իր թիրախը: Մեր հարստությունն ու գանձերը ձեր երեխաներն են»,- ընդգծեց նա:

Մասնակիցները զրուցեցին հայոց լեզվի և գրականության ներկայիս ուղղությունների, նորույթների մասին:

Հանդիպմանը ներկա էին Նոնա Պողոսյանը, Արևշատ Ավագյանը, Ռուբեն Մանուկյանը, Թադևոս Տոնոյանը և այլ գրական գործիչներ: Նշանավոր գրող Ֆելիքս Բախչինյանը հանդիպման ժամանակ մասնակիցներին նվիրեց իր` «Déjà vu, Հալեպ` սիրո և մահվան հովիտ» խորագրով գիրքը:

Ուսուցիչները Հայաստան են ժամանել 16 երկրից, այդ թվում ՝ ԱՄՆ-ից, Թուրքիայից, Սիրիայից: Հանդիպման ավարտին գրողներից  յուրաքանչյուրն ընթերցեց մեկական հատված սեփական ստեղծագործություններից:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am