Բնապահպանության նախարարության Անտառային կոմիտեի մասնաճյուղին է հանձնվել 8 ամենագնաց ավտոմեքենա

Armenpress 17:58, 16 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը մասնակցել է Բնապահպանության նախարարության Անտառային կոմիտեի «Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղին 7 UAZ Hunter և 1 UAZ PICK-UP ավտոմեքենայի հանձնման արարողությանը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Մեքենաները տրամադրվել են գերմանական KfW բանկի ֆինանսավորմամբ իրականացվող «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» (ՊՏԱԾ-Հ) ծրագրի կողմից, որի շրջանակներում աջակցություն է ցուցաբերվում նաև կենսաբազմազանության պահպանության վրա ուղղակի ազդեցություն ունեցող Սյունիքի մարզի պետական կառույցներին:

 Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանն իր խոսքում կարևորել է անտառային ոլորտում մեկնարկած լայնածավալ բարեփոխումների արդյունավետ իրականացման համար նման աջակցությունների ցուցաբերումը։

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի տարածքային կառույցների ավելի բարձր տեխնիկական հագեցվածությունը կբարձրացնի նրանց կողմից իրականացվող անտառների պահպանման արդյունավետությունը։  «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» ծրագրի առանձնահատկությունն այն է, որ բացի բնապահպանական բաղադրիչից, այն ունի սոցիալ-տնտեսական բաղադրիչներ։ Համաշխարհային փորձը փաստում է, որ բնապահպանական ծրագրերն արդյունավետ են իրագործվում, երբ համադրվում են սոցիալ-տնտեսականի հետ։ Ծրագրի շրջանակներում բնապահպանական կարողությունների հզորացումը համակցվում է համայնքների զարգացմանն ուղղված միջոցառումներով, որոնք  նպատակ ունեն թուլացնելու ճնշումն անտառային տարածքների վրա»,- նշել է բնապահպանության նախարարը։

Բնապահպանության նախարարության անտառային կոմիտեի նախագահ Միքայել Մանուկյանը շնորհակալություն է հայտնել աջակցության համար, կարևորել այն՝ կոմիտեի գործառույթների արդյունավետ իրականացման համար և տեղեկացրել, որ նվիրաբերած UAZ PICK-UP ավտոմեքենան կկահավորվի հակահրդեհային միջոցներով, ինչը հնարավորություն կտա արդյունավետ պայքարելու հնարավոր անտառային հրդեհների դեմ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am