Փաշինյանը հստակեցրեց՝ ՀՀ-ն ԵՄ-ից քաղաքականության փոփոխություն է ակնկալում. Գրետա Ավետիսյան

Armenpress 16:46, 16 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ-ԵՄ հարաբերություններում կարևոր է հայտարարություններից իրական քայլերի անցումը: Այս ուղղությամբ, անշուշտ, Բրյուսելն անելիք ունի: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց քաղաքագետ Գրետա Ավետիսյանը: 

- Ավարտվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Բրյուսել: Ինչպե՞ս կգնահատեք այցի կարևորությունը ՀՀ-ԵՄ հարաբերությունների տեսանկյունից: 

- Նախ նշեմ, որ սա վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջին աշխատանքային այցն է Բրյուսել, որի շրջանակներում նա իր առաջին հանդիպումներն ունեցավ ԵՄ մի շարք պաշտոնյաների հետ, ինչը, կարծում եմ, և՛ բավականին հետաքրքիր է, և՛ կարևոր: Բացատրեմ՝ ինչու:

Առաջին, ցանկացած երկրի կամ կառույցի հետ հարաբերություններում կարևոր է վերջիններիս վերաբերմունքը իշխանությանը և այդ իշխանությունների վարած քաղաքականությանը: Չնայած ԵՄ կողմից ՀՀ նոր իշխանությունների վերաբերյալ եղած դրական ազդակներին՝ կարևոր էին նաև առանձին հանդիպումների ժամանակ հնչած շեշտադրումները: Երկրորդ, բարձրաստիճան պաշտոնյաների հետ առաջին հանդիպումների ժամանակ մի շարք հարցերի վերաբերյալ հնչած դիրքորոշումները և տեսակետները միմյանց մոտեցումները հստակեցնող բնույթ են կրում, ինչը բավական կարևոր է համագործակցության շարունակականությունն ապահովելու տեսանկյունից:

Իսկ ինչ վերաբերում է ՀՀ-ԵՄ հարաբերությունների համատեքստում այցի կարևորությանը, կարելի է առանձնացնել մի քանի գործոն:

ԵՄ բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի, ինչպես նաև Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի և Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ հանդիպումների ժամանակ հնչեց փոխադարձ պատրաստակամություն՝ առավել զարգացնել և խորացնել ՀՀ-ԵՄ փոխգործակցությունը, և այս ուղղությամբ, կարծում եմ, ունենք բավական մեծ գործիքակազմ, որն ամրագրված է  ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրում: Այսօր դեռևս ժամանակավոր կիրարկման փուլում գտնվող այդ փաստաթուղթը տալիս է մեծ հնարավորություններ տարբեր ոլորտներում երկկողմ փոխգործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու համար:

Միևնույն ժամանակ, պակաս կարևոր չէ նաև հայտարարություններից իրական քայլերի անցումը: Ինչպես Նիկոլ Փաշինյանը հայտարարեց  Բրյուսելի օդանավակայանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո Եվրամիությունից հնչել են բազմաթիվ ողջունող հայտարարություններ, սակայն քաղաքականության մեջ առայժմ որևէ շոշափելի փոփոխություն չկա: Այս ուղղությամբ, անշուշտ, Բրյուսելն անելիք ունի:

Երկրորդ, վարչապետի բրյուսելյան այցը ևս մեկ անգամ վերահաստատեց, որ Հայաստանին հաջողվել է արդյունավետորեն կյանքի կոչել ինտեգրացիոն գործընթացների համադրման և փոխլրացման քաղաքականությունը, իհարկե, չշեղվելով ԵԱՏՄ-ում մեր ստանձնած պարտավորություններից: Հայաստանը բազմիցս է հայտարարել և շարունակում է շեշտել, որ մեր երկիրն ընթանում է ինտեգրացիոն գործընթացները չհակադրելու և ընդհանուր շահեր գտնելու ուղիով: Կարծում եմ՝ ինչ-որ պահի Հայաստանը կկարողանա ստանձնել նաև կապող օղակի դերակատարումը՝ ԵԱՏՄ-ԵՄ փոխգործակցության հաստատման համատեքստում:

Երրորդ, ևս մեկ անգամ վերահաստատվեց, որ ԵՄ հետ Հայաստանի համագործակցությունը հիմնված է միևնույն արժեհամակարգի վրա, և որ Հայաստանը որևէ քաղաքակրթական ընտրության առջև կանգնած չէ: Ֆեդերիկա Մոգերինիի հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ժողովրդավարությունը արտաքին քաղաքական կողմնորոշում չէ, այլ արժեհամակարգ, որը կառավարությունը հանձնառու է առավել զարգացնել ու ամրապնդել:

- Բացի եվրոպական կառույցների բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումներից, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպեց նաև մի շարք ԵՄ երկրների ղեկավարների հետ: Ո՞րն էր այդ հանդիպումների հիմնական նպատակը:

- Ինչպես արդեն նշեցի, սա ՀՀ վարչապետի առաջին աշխատանքային այցն էր Բրյուսել, հետևաբար, երկկողմ հանդիպումները կրում էին առավելապես ճանաչողական բնույթ: Բացի այդ, ըստ էության, հանդիպումները կարևոր էին նաև ՀՀ արտաքին քաղաքական գերակայությունները ներկայացնելու, նախկինում ՀՀ ստանձնած պարտավորութունները վերահաստատելու, ինչպես նաև համատեղ օրակարգի հարցերը հստակեցնելու տեսանկյունից:

Մեծ թվով երկկողմ հանդիպումների շարքում առանձնակի ուշադրության է արժանի Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Հայաստանը Ֆրանսիայի հետ ունի առանձնաշնորհյալ, բարեկամական հարաբերություններ, ինչի մասին է վկայում նաև Բրյուսելում կայացած հանդիպումը, որն ինչպես մամուլի լուսաբանումներից է երևում, բավական ջերմ մթնոլորտում է անցել: Երկու երկրների ղեկավարները վերահաստատել են երկկողմ հարաբերությունների ամրապնդման և խորացման հանձնառությունը:

Փոխգործակցության զարգացման վերաբերյալ երկկողմ հավաստիացումներն այս փուլում հատկանշական են, քանզի Ֆրանսիան Հայաստանի համար կարևոր գործընկեր և բարեկամ երկիր է, որն իր ուրույն դերն ունի հայկական շահերը Եվրոպայում ներկայացնելու և առաջ տանելու տեսանկյունից:

Բրյուսելում Ֆրանսիայի և մի շարք այլ երկրների ղեկավարների հետ վարչապետի հանդիպումների ժամանակ կարևոր հարցերի շարքում է եղել, բնականաբար, Երևանում աշնանը կայանալիք Ֆրանկաֆոնիայի գագաթաժողովը: Մի շարք առաջնորդներ արդեն իսկ հաստատել են իրենց մասնակցությունը այդ գագաթաժողովին, որն, անշուշտ, մեր երկրի միջազգային հեղինակության ամրապնդման տեսանկյունից աննախադեպ նշանակություն կունենա:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am