Վարչապետը պատրաստ է իրավապահ համակարգի անարդյունավետ օղակներում կադրային լուրջ փոփոխությունների գնալ

Armenpress 23:27, 15 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ երկրում իրավապահ ոչ բոլոր մարմիններն են, որ կոռուպցիայի դեմ պայքարում անհրաժեշտ չափով արդյունավետ են: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին կառավարության ղեկավարն ասաց ֆեյսբուքի իր էջում ուղիղ հեռարձակման ժամանակ՝ պատասխանելով քաղաքացիների հարցերին:

«Իրավապահ համակարգը պետք է գործի արդյունավետ: Կոռուպցիայի դեմ պայքարը պետք է շատ ակտիվ շարունակվի Հայաստանի Հանրապետությունում, բայց դա պետք է տեղի ունենա օրենքի տառին համապատասխան՝ մարդու իրավունքները պաշտպանելով»,- նշեց կառավարության ղեկավարը:

Նա ընդգծեց, որ իր համար անձնական խայտառակություն կլինի, եթե կոռուպցիայի դեմ պայքարը չլինի ծայրահեղ արդյունավետ: «Եթե լինեն իրավապահ համակարգի այնպիսի օղակներ, որոնք չեն ապացուցի իրենց արդյունավետությունը հանուն օրինականության, կոռուպցիայի դեմ պայքարում, այդտեղ ես շատ երկար չեմ սպասի և կիրականացնեմ լրջագույն կադրային փոփոխություններ: Կոռուպցիայի դեմ պայքարը շարունակվելու է հետևողականորեն: Այն իրավապահ մարմինները, որոնք այս գործընթացում չեն լինի արդյունավետ, օրինականության ապահովման ճանապարհին, մենք այդտեղ կգնանք լուրջ, ընդհուպ մինչև վիրահատական միջամտությունների»,- հայտարարեց նա:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am