Փաշինյանը ոստիկանությանը հանձնարարել է ուշադիր ուսումնասիրել Վեհափառի հետ կապված վերջին իրադարձությունները

Armenpress 22:59, 15 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայ Առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը համարում է ներեկեղեցական հարց ու դեռևս կառավարության միջամտության անհրաժեշտությունը չի տեսնում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետը՝ միաժամանակ նշելով, որ ոստիկանությանը հանձնարարել է շատ ուշադիր ուսումնասիրել Վեհափառի հետ կապված վերջին միջադեպը Վայոց ձորի մարզում։ «Հայ Առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը որոշակի տհաճ մթնոլորտ է ստեղծում այն առումով, որ դրսևորումներ են լինում, որոնք այնքան էլ հասկանալի չեն։ Եթե բողոքողներն իրենց գործողություններում որևէ գծեր են անցել, դրանք պետք է հստակ արձագանք ստանան։ Ինչ վերաբերում է իրավիճակի նկատմամբ կառավարության դերակատարմանը, ապա իմ համոզմունքն է, որ կառավարությունը ներեկեղեցական հարցերին չպիտի միջամտի։ Ես սա համարում եմ ներեկեղեցական հարց»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

Իր այս տպավորությունը վարչապետը բացատրեց նրանով, որ Վեհափառի հրաժարականը պահանջողների մեջ կան նաև Հայ առաքելական եկեղեցու գործող հոգևորականներ։ Նա կողմերին կոչ արեց հավաքվել ու քննարկել առկա խնդիրները։ Բացի այդ՝ Փաշինյանը շեշտեց, որ երկրում հաստատված սիրո և համերաշխության մթնոլորտը չպետք է խաթարել։ Ինչ վերաբերում է օրենքի պաշտպանության հարցերին, ապա, ըստ վարչապետի, կառավարությունն իր անելիքը պետք է անի այս հարցում։ «Վարչապետին ենթակա մարմինը՝ ոստիկանությունը, պետք է իր անելիքն անի, որ մենք չունենանք իրավիճակներ, որոնք Հայաստանում հաստատված սիրո ու համերաշխության մթնոլորտը խաթարեն»,-շեշտեց նա։

Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ, դիտելով Վայոց ձորում տեղի ունեցածից կադրեր, գոհ չի մնացել ոստիկանության գործողություններից։  

Հուլիսի 14-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը տեղեկացրել էր, որ Վեհափառը ուխտագնացության է մեկնել Գնդեվանք, ուր «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության անդամները շրջափակել են Գարեգին Բ-ի մեքենան, չեն թողել անցնի, բացի այդ՝ զինված եմ եղել քարերով։ Նա ահազանգել էր, որ Վեհափառին վտանգ է սպառնում։ Այնուհետև՝ ժամանել էին ոստիկան ներն ու բացել ճանապարհը Ամենայն Հայոց կաթողիկոսի համար։

 

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am