1000х90.jpg (78 KB)

Կաթողիկոսի ավտոմեքենան դուրս է բերվել շրջափակումից, նա ուղևորվել է Մայր Աթոռ Սբ․ Էջմիածին․ ԼՐԱՑՎԱԾ

Armenpress 19:03, 14 Հուլիս, 2018

ԳՆԴԵՎԱՆՔ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արտակարգ իրավիճակ է ստեղծվել Վայոց ձորի մարզում ուր «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման ակտիվիստները շրջափակել են Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի մեքենան։ Ինչպես «Արմենպրես»-ին հաղորդեց Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ Մելիքյանը՝ այսօր Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ուխտի էր մեկնել Գնդեվանք (Վայոց Ձորի թեմ), որտեղ հայտնի նախաձեռնության անդամներն արգելափակել են Վեհափառ Հայրապետի տեղաշարժը։ Գնդեվանքից վերադարձի ճանապարհը փակ է մեքենաներով և քարերով, նախաձեռնության անդամները սպառալիքներ են հնչեցնում։

«Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր պետին վտանգ է սպառնում։ Սույն գործողությունները դատապարտելի են և այլևս պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ»,- նշեց Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրենը։

19:27 ՀՀ Ոստիկանության ներկայացուցիչներն այս պահին փորձում են ճանապարհ բացել Ամենայն Հայոց Հայրապետի համար։

Նախաձեռնության անդամները, որ փակել են ճանապարհը, շարունակում են վիրավորանքներ և մեղադրանքներ հնչեցնել Նորին Սրբության հասցեին։

19:40 Վեհափառ Հայրապետն արդեն դուրս բերվեց և կուղևորվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։

«Հակառակ տխրահռչակ նախաձեռնության հայտարարությունների, մեկնաբանությունների և հերքումների նրանց պահվածքը հատել է ողջամտության բոլոր սահմանները»,- գրել է Տեր Վահրամ Մելիքյանը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am