Տորֆավանի տորֆանոցում փրկարարները շարունակում են հրդեհաշիջման աշխատանքները

Armenpress 16:59, 14 Հուլիս, 2018

ԳԱՎԱՌ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Տորֆավան գյուղի տորֆանոցում բռնկված հրդեհի վերջնական մեկուսացման համար դեռեւս ջանքեր են գործադրում ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության Վարդենիսի հրշեջ-փրկարարական ջոկատի անդամները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Վարդենիսի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար Մնացական Փոստոյանը, հուլիսի 5-ից մինչեւ հուլիսի 14-ն ընկած ժամանակահատվածում հրդեհի օջախների մեկուսացման նպատակով փորվել է մոտ 800 մետր երկարության խրամատ, կատարվել են երեւացող հրդեհի օջախների մարման աշխատանքներ, սակայն հրդեհի տարածման վտանգը շարունակում է պահպանվել, այդ պատճառով էլ հրշեջ-փրկարարները շարունակում են շուրջօրյա աշխատանքը եւ հերթապահությունը:

«Հրդեհի օջախները մոտիկ են հացահատիկի եւ կարտոֆիլի ցանքերին: Այն, ինչ նկատում ենք վերգետնյա մասում, կարողանում ենք մեկուսացնել ու մարել, իսկ այն, ինչ տեղի է ունենում գետնի տակ, արդեն անտեսանելի ու անկանխատեսելի է: Վերեւից մարում ենք կրակի օջախը, իսկ մի այլ տեղից, գետնի տակից, հանկարծ բորբոքվում ու ծխում է կրակը:Մեր եղած ջրի քանակությունը փորձեցինք մղել խրամուղիով մեկ, սակայն այն անմիջապես անհետացավ գետնի տակ: Հիմա ժամանակ ենք ձգում, մինչեւ որ հացհունձը սկսվի, մարդիկ կարողանան անկորուստ տուն տանել բերքը, ուստի մեր շուրջօրյա հերթապահությունը պետք է շարունակենք»,-ներկայացրեց Մնացական Փոստոյանը: Նույն աղբյուրի հավաստմամբ՝ անցած օրերի ընթացքում այրվել է մոտ 4 հեկտար տարածք, որտեղ ցանքերը կամ խոտհարքերը աննշան մաս են կազմում:

Խոսրով Խլղաթյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am