Գյանջայում ստեղծված լարված իրավիճակի պատճառով Ադրբեջանի ՊՆ-ն ուժեղացնում է ռազմական օբյեկտների պաշտպանությունը


ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանձնարարել է ուժեղացնել երկրի ռազմական օբյեկտների պաշտպանությունը և բարձրացնել զինծառայողների մարտական պատրաստությունը երկրի՝ մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Գյանջայում (Գանձակ) ստեղծված լարված իրավիճակի պատճառով:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը:

«Նախարարը պատասխանատու անձանց կոնկրետ հանձնարարականներ է տվել՝ բարձրացնելու զինծառայողների մարտական և բարոյահոգեբանական պատրաստությունը: Հանձնարարել է նաև ուժեղացնել ռազմական օբյեկտների պաշտպանությունը»,-նշված է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության հայտարարության մեջ:

ՊՆ հայտարարույան համաձայն՝ նախարարի հանձնարարականը հաջորդել է Գյանջայում ստեղծված լարված իրավիճակին:

Ադրբեջանի Գյանջա քաղաքում հուլիսի 10-ի երեկոյան «կրոնական խմբավորման» 150-200 ներկայացուցիչներ ցույց են իրականացրել ի պաշտպանություն հուլիսի 3-ին Գյանջայի քաղաքապետ Էլմար Վելիևի և նրա թիկնապահի դեմ մահափորձ իրականացրած Յունիս Սաֆարովի:

Ցույցի ժամանակ ոստիկանների և ցուցարարների բախման հետևանքով սուր կտրող-ծակող գործիքներից ստացած վնասվածքներից մահացել են Գյանջայի ոստիկանապետն ու Նիզամիի շրջանի ոստիկանության պետի տեղակալը:

Ոստիկանների սպանության մեջ կասկածվում Էին նախկինում դատապարտված Ադրբեջանի քաղաքացիներ Գասիմ Ֆարուխ Խագանի օղլուն և Բեյուքիշիև Ռեշադ Մամեդլի օղլուն:

Լարված իրավիճակը Գյանջայում շարունակվում է, ամեն օր տեղի են ունենում ձերբակալություններ, քաղաքապետի մահափորձի և ոստիկանների սպանության գործով արդեն բերման են ենթարկվել 10-նյակ ադրբեջանցիներ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am