Քաղաքագետը վարչապետի այցը Բրյուսել համարում է արտաքին քաղաքականության որակի փոփոխության խոստումնալից սկիզբ

Armenpress 14:44, 14 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Բրյուսել շատ դրական է գնահատում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մեհրաբյանը նման տեսակետ հայտնեց լրագրողների հետ հանդիպմանը:

«Վարչապետի այցը Բրյուսել շատ կարևոր մեկնարկ էր այն հարաբերությունների, որոնք դեռ պետք է կառուցվեն: Հայաստանում տեղի է ունենում և ունենալու արտաքին քաղաքականության որակի փոփոխություն: Այդ իմաստով այցը շատ կարևոր էր: Այդ որակական փոփոխության սկիզբը շատ խոստումնալից կերպով դրվեց այս այցով»,-ասաց Մեհրաբյանը:

Նրա կարծիքով՝ ներկայում Հայաստան-Արևմուտք հարաբերությունները պետք է կառուցվեն իրական արժեքային ընդհանրության վրա: Հայաստան-ԵՄ հարաբերությունների պոտենցիալն ահռելի է:

Մեհրաբյանը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին վարչապետ Փաշինյանի մասնակցությունն ու հանդիպումները ևս շատ դրական գնահատեց: Նա կարևորեց նաև Հայաստանի համար շատ կարևոր երկրներից՝ Հունաստանից, Ուկրաինայից, Լիտվայից վարչապետի ստացած  այցելության  հրավերները:

Քաղաքագետը շատ կարևոր համարեց Նիկոլ Փաշինյանի դիտարկումը, որ Հայաստանն ակնկալում է լուրջ հարաբերություններ ԵՄ-ի հետ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am