Ոստիկանությունը հայտնաբերել է միջազգային հետախուզման մեջ գտնվող 3 անձի

Armenpress 14:45, 14 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանությունը շարունակում է համագործակցությունը այլ երկրների իրավապահ կառույցների հետ։ Հատկապես ուշադրության կենտրոնում են ՀՀ տարածքում գտնվող միջազգային հետախուզման մեջ գտնվող անձինք։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այս ուղղությամբ ՀՀ սահմանային անցակետում իրականացրած ծառայության ընթացքում, հուլիսի 13-ին ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի և Բագրատաշենի բաժանմունքի աշխատակիցները հայտնաբերել են հետախուզվող 3 անձի։

 Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանություն բերման է ենթարկվել 33-ամյա Էդգար Թ․-ն։ Նա հունիսի 28-ից հետախուզվում էր Ռուսաստանի Դաշնության իրավապահների կողմից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 322*1 հոդվածի, 2-րդ մասի՝ անօրինական արտագաղթի մեղադրանքով։ Մյուս հետախուզվողը  57-ամյա Թամազի Չ․-ն է։ Նա 2000 թ․ հունվարի 9-ից, Մոսկվայի ներքին գործերի վարչության կողմից հետախուզվում էր՝ ՌԴ քրեական օրենսգրքի 162 հոդվածի, 2-րդ մասի՝ ավազակային հարձակում կատարելու մեղադրանքով։

Ուկրաինայի քաղաքացի, 54-ամյա Սերգեյ Շ․-ի նկատմամբ էլ  հետախուզում էր հայտարարվել 2016 թ․ հուլիսի 5-ից Մոլդովայի Հանրապետության քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 1-ին մասի՝ երթևեկության կանոնները խախտելու մեղադրանքով։

Հետախուզվողներին հայտնաբերելու մասին տեղյակ է պահվել հոտախուզումը նախաձեռնողներին։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am