Բրյուսելում մեր հանդիպումը հիանալի առիթ դարձավ շարունակելու քաղաքական երկխոսության բարի ավանդույթը. Փաշինյանը՝ Մակրոնին

Armenpress 20:36, 13 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ  շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին:

 Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում, մասնավորապես, ասված է. 

 «Մեծարգո պարոն նախագահ,

 Ջերմորեն շնորհավորում և լավագույն մաղթանքներ եմ հղում Ձեզ և Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի կապակցու­թյամբ:

 Ուրախ եմ, որ Բրյուսելում մեր հանդիպումը հիանալի առիթ դարձավ ծանոթանալու և շարունակելու մեր երկրների միջև ձևավորված բարձր մակարդակի քաղա­քա­կան երկխոսության բարի ավանդույթը, ինչպես նաև վերահաստատելու Հայաստանի և Ֆրանսիայի՝ պատմական հարուստ հենք ունեցող առանձնաշնորհյալ հարաբերությունների առավել ամրապնդմանը մեր համատեղ հանձնառությունը:  

 Հայաստանը բարձր է գնահատում Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի երկարամյա ջանքերը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամար­տության՝ բացառապես խաղաղ, բանակցային ճանապարհով կարգավորման գործըն­թացին:

 Կարևորում ենք նաև Ֆրանսիայի աջակցությունն անկախությունից ի վեր Հայաստանում ժողովրդավարական և իրավական պետություն կառուցելու գործին, ինչպես նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության խորացմանը՝ ներառյալ Համապարփակ և ընդլայն­ված գործընկերության համաձայնագրի շրջանակներում:

 Հավատացած եմ, որ հոկտեմբերին նախատեսվող Ձեր պետական այցը Հայաստան կարևոր հանգրվան կդառնա մեր երկրների միջպետական հարաբերություն­նե­րում՝ որակական նոր մակարդակ հաղորդելով նաև երկկողմ տնտեսական կապե­րին։      

 

Անշուշտ, հայ-ֆրանսիական օրակարգին սերտորեն առնչվող մեկ այլ նշանակալի իրադարձություն է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի հյուրընկալումը մեր երկրում, որի ամենաբարձր մակարդակով անցկացումը մեզ համար առաջնահերթություն է։ 

 

Վերստին շնորհավորելով Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն, շարունակական առաջընթաց և բարօրություն»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am