Թեքեյան կենտրոնում բացվեց «Դիմանկար» խորագրով միջազգային ցուցահանդեսը

Armenpress 19:20, 13 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Դիմանկար» խորագիրը կրող միջազգային ցուցահանդեսին մասնակցում են 91 լուսանկարիչներ աշխարհի տարբեր երկրներից: Այն կազմակերպվել է  Photopodium.com կայքի կողմից:

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց կայքի հայաստանյան ներկայացուցիչ Արմեն Ենգոյանը. «Պարբերաբար կազմակերպում ենք միջազգային ցուցահանդեսներ, որովհետև կայքն ընդգրկում է աշխարհի մի շարք երկրներ: Այս անգամ թեման դիմանկարն է և, ըստ այդմ էլ, ընտրել ենք վերնագիրը»,-ասաց նա:

Ցուցահանդեսի նպատակը մարդկանց գործերը հասարակությանը ներկայացնելն է, էլեկտրոնային նկարներն իրական աշխարհ բերելը:

«Նկարի «համը» կորում է, երբ էկրանով ես նայում, այն պետք է շոշափես, զգաս, որ կարողանաս հասկանալ»,-ընդգծեց պարոն Ենգոյանը:

Նկարների ընտրությունը կատարվել է ժյուրիի կողմից՝ հիմք ընդունելով մասնակիցների պրոֆեսիոնալիզմը: Յուրաքանչյուր մասնակից ներկայացել էր հիմնականում մեկ աշխատանքով: Սակայն, Մարիաննա Մելիքսեթյանը ցուցահանդեսում երկու լուսանկար ուներ: Նրա խոսքով, իրական աշխատանքն այն է, երբ կարողանում ես պատկերել մարդու ջերմությունը. «Մարդու լույսը, նրա գաղտնիքը նկարին այլ երանգ են հաղորդում: Անձի յուրաքանչյուր ժեստ, հայացքը շունչ են հաղորդում նկարին: Վերջինիս մեջ պետք է գտնել իր յուրահատկությունը»,-ասաց նա:

Մասնակիցներից մյուսը՝ ազգությամբ ռուս Կարինա Շմիդտը, պատմեց, որ սիրում է աղջիկներին նկարել. «Ինձ դուր է գալիս, երբ նկարում եմ, որսում  նրանց տարբեր հայացքները, մարմնի յուրաքանչյուր դետալը»,-ասաց նա:

Մասնակիցների դժգոհությունը վերաբերում էր միայն սրահի փոքրությանը, բայց նրանք հույս հայտնեցին, որ հաջորդ անգամ ավելի հարմարավետ վայրում կկազմակերպվի ցուցահանդեսը:

Նշենք նաև, որ ցուցահանդեսը տևելու է մեկ ամիս:

                                                                                              

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am