Պետնախարար Մարտիրոսյանը ընդունել է Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ առաքելության ղեկավար Դրագոսլավ Բլաժևիչ Չիրոյին

Armenpress 18:51, 13 Հուլիս, 2018
ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հուլիսի 13- ին ընդունել է Լեռնային Ղարաբաղում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելության ղեկավար Դրագոսլավ Բլաժևիչ Չիրոյին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից,  պետական նախարարը բարձր է գնահատել Արցախի Հանրապետությունում կառույցի մարդասիրական առաքելությունը և ԱՀ համապատասխան պետական ատյանների միջև հաստատված համագործակցության մակարդակը։ Գ. Մարտիրոսյանը հատկապես ընդգծել է 2016թ.-ի ապրիլյան պատերազմի օրերին ԿԽՄԿ կողմից ծավալված մարդասիրական մեծ աշխատանքը՝ հատուկ շնորհակալություն հայտնելով Դրագոսլավ Բլաժևիչ Չիրոյին այդ գործում ունեցած մեծ ավանդի համար: Նա հայտնել է ԱՀ իշխանությունների պատրաստակամությունը՝ հնարավորինս աջակցել հանրապետությունում Կարմիր Խաչի գործունեությանը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ԿԽՄԿ առաքելության ղեկավարը իր հերթին շնորհավորել է պետնախարար Մարտիրոսյանին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Դ. Չիրոյի խոսքով՝ Արցախի իշխանությունների հետ ձևավորված համագործակցության շրջանակներում իրենց հաջողվել է մեծ ծավալի աշխատանք կատարել հատկապես առողջապահության, անհայտ կորած անձանց որոնողական աշխատանքների, հումանիտար և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում:
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են ԿԽՄԿ գրասենյակի գործունեությանը վերաբերող մի շարք հարցեր:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am