1000х90.jpg (78 KB)

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում իրականացված «ՍինեՄիտք» ծրագրի մասնակից երկու ռեժիսոր  արժանացավ վարչապետի մրցանակի

Armenpress 18:45, 13 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակում այս տարի անցկացվեց «ՍինեՄիտք» ծրագիրը, որի նպատակը հայկական կինոարտադրության զարգացմանը նպաստելն էր: Ծրագրին մասնակցած 13 կինոգործիչներից վարչապետի մրցանակին արժանացան երկուսը` վավերագրական «Ապեր» ֆիլմի ռեժիսոր Հելենա Մելքոնյանը և խաղարկային «Վարորդը» ժապավենի  ռեժիսոր Լուսինե Սարգսյանը: Նրանցից յուրաքանչյուրին 2 000-ական դոլար ստացավ:

Մրցանակների հանձնման արարողությունը տեղի ունեցավ հուլիսի 13-ին՝ Հայկական բարեգործական ընդհանուր միությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` կինոփառատոնի տնօրեն Սուսաննա Հարությունյանն ասաց, որ սա հատուկ ծրագիր է և միտված է հայկական նախագծերի զարգացմանը։ «Այս տարի երկար էինք մտածել՝ ինչպես քաջալերել հայկական նախագծերին: Այդ նպատակով որոշեցինք հայկական համայնապատկեր բաժնում վարչապետի կողմից տրվող դրամական մրցանակն ուղղել հայկական կինոնախագծերին»,-շեշտեց նա:

Նրա խոսքով` վարչապետի կողմից տրվող գումարը կարող է նպաստել, որ վերջնական տեսքի բերվեն հաղթող կինոնախագծերը, թարգմանվեն և ամբողջական փաթեթը ներկայացվի տարբեր հարթակներում, այդ թվում և համատեղ արտադրության համար։

GAIFF Pro հարթակի ղեկավար Մելիք Կարապետյանն ընդգծեց, որ ներկայացվել է 13 նախագիծ: «ՍինեՄիտք»-ը GAIFF Pro-ի մի մասն է կազմում, որը ենթադրում է հատուկ թրեյնինգներ պրոդյուսերների, ռեժիսորների համար, որպեսզի նրանք ցույց տան իրենց նախագծերը: Այն ներառում է դասընթացների շարք, որտեղ հայ հեղինակները սովորեցին ճիշտ մատուցել իրենց պատմությունները»,-ասաց նա:

Ֆրանսիայից Հայաստան ժամանած պրոդյուսեր Գեոմ դը Սելին շատ տպավորված էր ներկայացված նախագծերի որակով: Նա նշեց, որ շատ ուրախ է տեսնել, որ պատմությունների մակարդակը բավականին բարձր է և բավարարում է միջազգային  պահանջներին:

«ՍինեՄիտք» (CineThink) ծրագիրը ողջ տարին ձգվող միջոցառումների շարք է, որի նպատակն է զարգացնել Հայաստանի կինոարտադրությունը: Այն  յուրօրինակ համագործակցություն է GAIFF Pro-ի և Think դասընթացների ծրագրի միջև: Տասը մասից բաղկացած կուրսը նախատեսված է տասը կինոռեժիսորի/սցենարիստի համար, ովքեր փորձում են իրականացնել իրենց առաջին կամ երկրորդ լիամետրաժ ֆիլմը:

«ՍինեՄիտք» ծրագիրն իրականացվեց ԵՄ ֆինանսավորմամբ` «ՔՀ Կամուրջ» ծրագրի շրջանակում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am