Փաշինյանը Բրյուսելում կարևորել է հայ-բելգիական բիզնես կապերի շարունակական զարգացումը

Armenpress 15:51, 13 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելգիայի Թագավորություն կատարած այցի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային ճաշ է ունեցել տեղի հայազգի գործարարների հետ, որոնք գործունեություն են ծավալում ադամանդագործության և այլ ոլորտներում: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայ-բելգիական առևտրային պալատի նախագահը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Վարչապետը վերջիններիս է ներկայացրել տնտեսության ոլորտում կառավարության առաջնահերթությունները, անդրադարձել կոռուպցիայի դեմ պայքարին, և ընդհանուր առմամբ, բիզնես միջավայրի բարելավմանը միտված քայլերին, որոնք գործադիրը նախատեսում է կյանքի կոչել առաջիկայում, ինչպես նաև ԵԱՏՄ հնարավորություններին: Նիկոլ Փաշինյանը կարևորել է հայ-բելգիական բիզնես կապերի շարունակական զարգացումը և ընդգծել, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների աճով, համատեղ ներդրումային ծրագրերի իրականացմամբ և պատրաստ է քայլեր ձեռնարկել, որոնք կնպաստեն մեր երկրում բելգիական կապիտալի ներկայացվածության ընդլայնմանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am