Արցախի ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները ՀՀ ԱԽ քարտուղարի հետ քննարկել են շփման գծում տիրող իրավիճակը

Armenpress 12:46, 13 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Ազգային ժողովում հուլիսի 13-ին տեղի է ունեցել խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների հանդիպումը Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։ 

Ողջունելով ՀՀ ԱԽ քարտուղարին՝ խորհրդարանի նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը նշել է, որ այս ձևաչափով առաջին անգամ են հանդիպում և հույս հայտնել, որ ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերի հետ շփումները շարունակական կլինեն։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը տեղեկություններ է ներկայացրել մոսկովյան իր վերջին այցի շրջանակներում ունեցած հանդիպումների վերաբերյալ, անդրադարձել ընդհանուր անվտանգության ապահովման կարևոր բաղադրիչներին։ 

Այնուհետև կողմերը քննարկել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության, սահմանին տիրող իրավիճակի, անվտանգության բնագավառում արտաքին և ներքին մարտահրավերների հետ կապված հարցերի լայն շրջանակ։ 

Հանդիպմանը մասնակցել է նաև ԱՀ ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը։ 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am