Մարդիկ ոգևորված են Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությամբ ու պատրաստ են ներդրումներ անել. Աննա Հակոբյան

Armenpress 11:37, 13 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստան» համահայկական հիմնադրամի վերաբերյալ բացահայտումները վատ չեն անդրադառնա Սփյուռքից Հայաստան արվող բարեգործությունների վրա:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:

«Վերջին տարիներին «Հայաստան» համահայկական հիմնադրամն ուներ խնդիրներ: Մենք գիտենք, որ Սփյուռքի բարերարները մեծ տոկոսներով կրճատում էին իրենց հանգանակությունները: Այդ ամենի հետևում այսօր արդեն պարզ դարձած երևույթն էր: Հույս ունեմ, որ դա որևէ կերպ չի ազդի երկրում բարեգործություն անել ցանկացողների վրա, չնայած, ասեմ ավելին՝ հակառակ գործընթացն է տեղի ունենում: Մարդիկ՝ հատկապես սփյուռքում, շատ ոգևորված են Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությամբ և շատ պատրաստակամ են իրենց ներդրումն ունենալ այս փոփոխված մեր երկրում ու նվիրատվություն կատարել»,- նշեց ՀՀ վարչապետի տիկինը:

ՀՀ ԱԱԾ-ում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա հուլիսի 2-ին յուրացումներ կատարելու, ինչպես նաև հասարակական կազմակերպության ծառայողի կողմից լիազորությունները չարաշահելու կասկածանքով բերման է ենթարկվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը: Փաստական հանգամանքների ճնշման ներքո Վարդանյանը խոստովանել է, որ տնօրինելով հիմնադրամին տրամադրված 25 միլիոն դրամի վարկային գծով բանկային քարտը՝ դրա միջոցներն օգտագործել է անձնական նպատակներով, այդ թվում՝ դրանք ուղղելով տարբեր առցանց խաղատներում խաղադրույքներ կատարելուն:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանն ազատ է արձակվել, դատարանը սահմանել է գրավ 1 մլն դրամի չափով:

Հուլիսի 9-ին Վարդանյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին էր ներկայացրել իր հրաժարականի դիմումը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am