1000х90.jpg (78 KB)

Պոլիկլինիկաների և ամբուլատորիաների 10 հազար բժշկի և միջին բուժանձնակազմի աշխատավարձերը կբարձրանան  

Armenpress 10:53, 13 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բյուջետային միջոցների տնտեսումների հաշվին օգոստոսի 1-ից պոլիկլինիկաների և ամբուլատորիաների շուրջ 10 հազար բժշկի և միջին բուժանձնակազմի աշխատավարձերը կբարձրանան մոտ 15 տոկոսով: Այս մասին ֆեյսբուքյան տեսաուղերձի միջոցով տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նա նշեց, որ խոսքը 700 միլիոն դրամի տնտեսման մասին է:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախարարը վստահեցրեց, որ աշխատավարձերի բարձրացումը պետք է շարունակական լինի, ինչի ուղղությամբ անընդհատ աշխատում են:

«Միևնույն ժամանակ խնդրում եմ ու կոչ անում մեր բուժաշխատողներին, հատկապես առաջնային օղակի, որ իսկապես արդարացնեն իմ ու մեր քաղաքացիների վստահությունը իրենց նկատմամբ, և կանխարգելել հիվանդություններն ու թույլ չտալ, որ դրանք զարգանան ու ավելի խորանան: Մենք պետք է արմատական փոփոխությունների ենթարկենք առողջության պահպանման առաջնային օղակը»,-ասաց Արսեն Թորոսյանը:

Նա հավելեց, որ կմտածեն մեխանիզմներ, որ բժիշկների փոխհատուցումը լինի ոչ թե մարդաշնչով, այլ արդյունքների ու կատարողականի վրա հիմնված: «Ուզում եմ՝ ավելի զգոն լինեք և ձեզ վրա դրված պարտականությունը կատարեք պատվով»,-ընդգծեց նախարարը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am