Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Ռոբերտ Քոչարյանին հարցաքննության հրավիրելու հարցին

Armenpress 23:18, 12 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է 2-րդ նախագահ Ռոբեր Քոչարյանին՝ մարտի 1-ի գործով հարցաքննության հրավիրելու մասին հարցին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բրյուսելի օդանավակայանում լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյո՞ք հետախուզում կհայտարարվի այն դեպքում, եթե Ռոբերտ Քոչարյանը չներկայանա հարցաքննության,  Փաշինյանը նշեց, որ այդ որոշումներն ինքը չի կայացնում:

«Այդ որոշումներն օրենքով կարգավորված որոշումներ են, և մեխանիզմները կան, թե ինչ է տեղի ունենում, եթե որևէ մեկը չի ներկայանում հարցաքննության»,- ասաց Փաշինյանը և ևս մեկ անգամ շեշտեց, որ Հայաստանում բոլոր մարդիկ հավասար են օրենքի առաջ:

Հարցին, թե չի՞ բացառվում արդյոք, որ Ինտերպոլի միջոցով հետախուզում հայտարարվի, Փաշինյանը պատասխանեց.

«Ես չեմ կարող ասել՝ բացառվում է, կամ չի բացառվում, որովհետև դա նախատեսված է օրենքով: Այսինքն՝ այնպես չի որ ինչ-որ մեկի քմահաճույքով  պետք է դա տեղի ունենա: Ես մեր իրավապահ մարմինների հետ աշխատանքում  ասել եմ, որ չի լինելու մի դեպք, որ  կառավարությունը փորձի ինչ-որ ձևով  միջամտել: Չի լինելու այդպիսի բան՝ լինի դա նախկին, թե ներկա իշխանություններից որևէ մեկի նկատմամբ: Սկբունքը սա է »,- ընդգծեց Փաշինյանը:

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործով հարցաքննության էր հրավիրվել Հատուկ քննչական ծառայություն:

Ավելի վաղ Հատուկ քննչական ծառայությունը հայտարարություն էր տարածել, որ 2018 թվականի հուլիսի 3-ին որոշում է կայացվել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանին ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է սահմանադրական կարգը: Հարությունյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան: 

Հայաստանի երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն այսօր վստահեցրեց, թե Ռոբերտ Քոչարյանը պատրաստ է Մարտի 1-իգործով ներկայանալ հարցաքննության, երբ հուլիսի 25-ից հետո արտերկրից վերադառնա Հայաստան:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am