Հայաստանի նկատմամբ ԵՄ քաղաքականության մեջ որևէ շոշափելի փոփոխություն չկա. Փաշինյան

Armenpress 22:47, 12 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է միջազգային գործընկերների գնահատականի մասին Հայաստանում մայիսին տեղի ունեցած ներքաղաքական փոփոխությունների վերաբերյալ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Բրյուսելի օդանավակայանում լրագրողների հետ ճեպազրույցում Բելգիայի Թագավարություն կատարած այցիարդյունքները ամփոփելով՝ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ միջազգային գործընկերներն, ընդհանուր առմամբ, հետևում են և տեղյակ են, թե ինչ է տեղի ունեցել Հայաստանում:

« Իմ բոլոր հանդիպումներում ասել եմ, որ ժողովրդավարությունը մեզ համար արտաքին քաղաքական կողմնորոշում չէ, այլ արժեքային համակարգ, և հույս ունեմ, որ Եվրամիությունում  հենց այդպես են ընկալում իրավիճակը: Քանի որ  ժողովրդավարությունը մեզ համար համոզմունք է և արժեքային համակարգ է, ես որևէ կասկած չունեմ, որ մենք ժողովրդավարական բարեփոխումները մինչև վերջ կտանենք և հաջողություն կարձանագրվի»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետն ընդգծեց, որ միջազգային գործընկերների աջակցությամբ Հայաստանը շատ ավելի արագ կարող է իրականացնել այդ բարեփոխումները, սակայն հայցորդի կամ խնդրատուի կարգավիճակում չենք լինելու:

«Մենք ,ըստ էության, մեր անելիքները գիտենք, և մեր գործընկերները պետք է ճշտեն իրենց անելիքները: Մեր հեղափոխությունից հետո Եվրամիությունից լսել ենք բազմաթիվ ողջունող հայտարարություններ, բայց քաղաքականության մեջ որևէ շոշափելի փոփոխություն չկա: Եվրամիության քաղաքականությունը նույնն է, ինչ 4 ամիս առաջ, և կարծում ենք, որ պետք է կամ հայտարարությունների ոգևորված տոնայնությունն իջեցնեն, կամ քաղաքականությունը էականորեն փոխեն»,- նշեց Փաշինյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am