«Երեք օր Քիբերոնում» ֆիլմով մեկնարկեց «Ոսկե ծիրան»ի՝ «Ստեղծվել է Գերմանիայում» ծրագիրը

Armenpress 18:18, 12 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ոսկե ծիրան» 15-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում հուլիսի 12-ին «Մոսկվա» կինոթատրոնում բացվեց «Ստեղծվել է Գերմանիայում» ծրագիրը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ծրագրի ընթացքում կցուցադրվեն «Անցուղիներում», «Անցում», «Բոյս», «Երեք օր Քիբերոնում», «Օտարացած դուստրը» կինոժապավենները:

«Արդեն չորրորդ տարին է, որ մենք «Ոսկե ծիրան»-ի կողքին ենք և աջակցում ենք նրան: Այս տարիներին կինոփառատոնի շրջանակում ցուցադրվել է ավելի քան հարյուր գերմանական ֆիլմ: Ծրագրի շրջանակում կներկայացվի ևս վեցը»,-նշեց ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը:

Նա շեշտեց, որ Էմիլի Աթեֆի «Երեք օր Քիբերոնում» կինոնկարը պատմում է հանրահայտ դերասանուհի Ռոմի Շնայդերի մասին:

Լուսանկարները, որոնց հեղինակը Ռոբերտ Լեբեքն է, աշխարհահռչակ են: Դրանցում նա կարողացել է որսալ այս դերասանուհու հակասական բնավորությունը՝ նրա կենսախնդությունը, մելամաղձն ու ցավը: Լեբեքը նաև  լուսանկարներ է արել 1981-ին Քիբերոնում «Շտեռն» հանդեսի թղթակից Միխայել Յուրգսին դերասանուհու տված լեգենդար հարցազրույցի  համար, չնայած  Շնայդերի նախկին  բացասական հանդիպումներին գերմանական  մամուլի հետ:

Կինոյի հանդեպ երկար տարիների ծարավի ու սիրո արդյունքում 2004-ին հիմնադրվեց «Ոսկե Ծիրան»  միջազգային կինոփառատոնը:  Դա մի երազ էր, գաղափար, որ ծնվեց երեք մարդու  մտքում. այդ մարդիկ են`  կինոռեժիսոր և  փառատոնի գլխավոր  տնօրեն Հարություն Խաչատրյանը, կինոքննադատ և փառատոնի  ծրագրի ղեկավար Միքայել Ստամբոլցյանը,  կինոքննադատ և  փառատոնի գեղարվեստական ղեկավար Սուսաննա  Հարությունյանը:

Կինոփառատոնն ունի «Մշակույթների ու քաղաքակրթությունների խաչմերուկ»  կարգախոսը:  Նպատակը մշակութային  կամուրջներ կառուցելն ու տարբեր երկրների միջև երկխոսություն ստեղծելն է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am