Վրաստանի դեսպանությունը հորդորում է ՀՀ քաղաքացիներին սահմանը անցնելիս ունենալ լիազորագրեր  

Armenpress 16:07, 12 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Վրաստանում ՀՀ դեսպանությունը  հուլիսի 11-ին հայտարարություն էր տարածել, որ այն վարորդները, ովքեր Վրաստանի սահմանը հատում են իրենց վրա չգրանցված տրանսպորտային միջոցով, ապա պետք է լիազորագիր ներկայացնեն։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`Վրաստանում ՀՀ դեսպանության  տարածած հաղորդագրության մեջ նշված է, որ սոցիալական ցանցերում որոշ օգտատերերի կողմից եղան մեկնաբանություններ, թե դա իրականությանը չի համապատասխանում և սահմանին լիազորագիր չեն պահանջում։

«Հայտնում ենք, որ Վրաստանում ՀՀ դեսպանությունը ներկայացրել է Վրաստանում գործող օրենքը, ըստ որի այլ անձի մեքենայով սահմանը հատել փորձող վարորդը պետք է լիազորագիր ներկայացնի։

Տեղեկացնում ենք, որ սահմանին եղել են դեպքեր, երբ սահմանապահն ընդառաջել է վարորդին և թողել Վրաստանի տարածք՝ հետագայում լիազորագիր ունենալու պայմանով, միաժամանակ  նաև զգուշացնում ենք, որ եղել են դեպքեր, երբ լիազորագիր չունենալու պատճառով չեն թույլատրել մտնել Վրաստանի տարածք։

Հայաստանի Հանրապետության հարգելի՛ քաղաքացիներ, խնդրում ենք ձեզ հետ ունենալ վրացերեն կամ անգլերեն լեզվով լիազորագրեր և Վրաստան մեկնելիս չհիմնվել միայն սահմանապահի բարի հայեցողության վրա»,- նշված է հաղորդագրության մեջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am