Ադրբեջանի իշխանությունները վերջին օրերին ակտիվացրել են ապօրինի ձերբակալություններն ու հետապնդումները  

Armenpress 15:01, 12 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի քաղբանտարկյալների պաշտպանության կոմիտեի համակարգող Օգթայ Գուլալիևի փոխանցմամբ՝ երկրի իշխանությունները կրկին ակտիվացրել են ռեպրեսիվ քաղաքականությունը, շարունակում են ձերբակալությունների և քաղբանտարկյալների ճնշման պրակտիկան:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնել է Գուլալիևը:

Իրավապաշտպանի հաղորդմամբ՝ ձերբակալություններն ակտիվացել են Մինգեչաուրի ՋԷԿ-ում գրանցված խափանումներից և Գյանջայի (Գանձակ) քաղաքապետի նկատմամբ իրականացված մահափորձից հետո:

«Ոչ պաշտոնական տվյալների համաձայն՝ Գյանջայում ցուցարարների և ոստիկանության միջև տեղի ունեցած բախումներից հետո, հուլիսի 10-ից սկսած  ձերբակալվել է մոտ 100 մարդ, իսկ պաշտոնական տվյալներով՝ 52 մարդ»,-հայտնել է նա:

Հետապնդումներ են իրականացվում այն անձանց նկատմամբ, ովքեր քննադատել են երկրի իշխանություններին և ողջունել Յունիս Սաֆարովի կողմից Գյանջայի քաղաքապետի նկատմամբ իրականացված մահափորձը:

Գուլալիևի փոխանցմամբ՝ այս դեպքերի ֆոնին Ադրբեջանում արգելափակվել է առնվազն 4 ինտերնետային պարբերական:

Գուլալիևը նշել է, որ Գյանջայում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ հավաստի տեղեկությունները բացակայում են, ինչի պատճառը երկրում անկախ լրատվամիջոցների բացակայությունն է և եղած լրատվամիջոցների գործունեության սահմանափակումը իշխանության կողմից:

«Գյանջայում հուլիսի 10-ին տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ պաշտոնական հայտարարությունները համոզիչ չեն, շատ բան հստակ չէ, քանի որ անկախ մեդիան ոչնչացված է, դեպքի վայրում անկախ ԶԼՄ-ներ չեն եղել: Քննչական մարմինները չեն տրամադրում դեպքերի ընթացքն արտացոլող տեսանյութեր»,-ասել է Գուլալիևը:

 Գուլալիևը նշել է նաև, որ քաղբանտարկյալները ենթարկվում են խոշտանգումների և ճնշումների, նրանց չեն թույլատրում հանդիպել հարազատների հետ, նրանց մեջ կան հիվանդներ, որոնք բուժման կարիք ունեն, սակայն համապատասխան բուժում չի ցուցաբերվում:

 Ադրբեջանի նախագահ Ւլհամ Ալիևը իր անձնական վերահսկողության տակ է վերցրել Գյանջայի քաղաքապետ Էլմար Վելիևի և նրա թիկնապահի վրա հուլիսի 3-ի երեկոյան կատարված մահափորձից հետո հարուցված քրեական գործը:

Բաքուն, ինչպես նաև երկրի մի շարք շրջաններ հուլիսի 2-ի լույս 3-ի գիշերը հայտնվել էին խավարում. պատճառը լայնամասշտաբ հոսանքազրկումն էր:

Ավելի ուշ Ադրբեջանի էներգետիկայի նախարարությունը հանդես եկավ պարզաբանմամբ, որում ասվում էր, թե վթարի պատճառ է դարձել երկրում անոմալ շոգը, որ հանգեցրել է բնակչության կողմից էլեկտրաէներգիայի սպառման ծավալների ավելացմանը, ինչը շարքից հանել է ՀԷԿ տրանսֆորմատորներից մեկը:

Լայնամասշտաբ հոսանքազրկումն ու Գյանջայի քաղաքապետի դեմ մահափորձը նոր դժգոհությունների ալիք են բարձրացրել Ադրբեջանի հասարակության շրջանում, ինչը իշխանությունները փորձում են ճնշել իրենց սովոր միջոցներով՝ զանգվածային ձերբակալությունների և հետապնդումների միջոցով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am