Քննչական կոմիտեն նոր մանրամասներ է հաղորդել Դիլիջանում երկու անչափահասների դանակահարության դեպքի վերաբերյալ

Armenpress 14:29, 12 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ անչափահասի դանակահարության դեպքի առթիվ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ձեռնարկված անհետաձգելի քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով նույնպես անչափահաս է։

2018 թվականի հուլիսի 11-ին՝ ժամը 02:15-ին «Դիլիջան» բժշկական կենտրոնից ոստիկանության Դիլիջանի բաժին ահազանգ է ստացվել առ այն, որ «Կրծքավանդակի թափանցող և գոտկային շրջանի ձախ կողմի ծակած վերք, պնևմաթորակ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Դիլիջան քաղաքի անչափահաս մի բնակիչ՝ ծնված 2001թ.:

Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննությամբ իրականացվել են անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողություններ, որոնց արդյունքում պարզվել է, որ հուլիսի 10-ին՝ ժամը 21-ի սահմաններում, Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոցում անչափահասների մասնակցությամբ տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ դանակահարվել է երկու անչափահաս, որոնցից մեկը՝ 2001 թ. ծնված պատանին, ստացել է ծանր մարմնական վնաս, իսկ մյուսին հոսպիտալացնելու անհրաժեշտություն չի եղել. նա ստացել է համապատասխան բուժօգնություն և գնացել տուն։

Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը ևս Դիլիջանի բնակիչ է՝ ծնված 2002 թվականին։ Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել հսկողության հանձնելը: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am