«Արմենպրես»-ի և լիբանանահայ պարբերականների ղեկավարները քննարկել են սփյուռքահայ տպագիր մամուլի խնդիրները

Armenpress 13:36, 12 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանում ՀՀ դեսպանատանը ընթացիկ տարվա  հուլիսի 10-ին անցկացվել է քննարկում, որին  մասնակցել են «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը,  լիբանանահայ «Ազդակ», «Արարատ», «Զարթոնք» օրաթերթերի գլխավոր խմբագիրներ  Շահան Գանտահարյանը, Անի Եփրեմյանը, Սևակ Հակոբյանը և դեսպան Սամվել  Մկրտչյանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել սփյուռքահայ տպագիր մամուլի խնդիրներին, Հայաստանի լրատվամիջոցների հետ համագործակցությանը՝ առաջնորդողների և վերլուծականների կանոնավոր փոխանակման առումով:

Առանձնահատուկ ուշադրություն է նվիրվել լիբանանահայ երեք օրաթերթերին՝ որպես սփյուռքի հայ մամուլի յուրօրինակ հրատարակությունների: Դիտարկվել են  օրաթերթերի սփռման շրջանակների ընդլայնման, երիտասարդ ընթերցողներին  ներգրավման ուղղությամբ ձեռնարկվելիք անհրաժեշտ քայլեր: Մասնակիցները կարևորել են առաջիկայում խորհրդաժողովի անցկացումը, որը նվիրված կլինի հայ տպագիր մամուլի (օրաթերթերի) օրակարգային հարցերին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am