Աշտարակի խճուղում գործող գազալցակայանի աշխատակիցներից մեկին դանակահարել են

Armenpress 12:35, 12 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշտարակի խճուղում գործող գազալցակայաններից մեկի աշխատակցին՝ մեխանիկին, դանակահարողը հայտնաբերվել և ձերբակալվել է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

Ոստիկանության Վաղարշապատի բաժնում հիվանդանոցից հուլիսի 11-ին` ժամը 07:50-ին հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի աջ կեսի հետին մակերեսի կտրած-ծակած վերքեր՝ կրծքավանդակ թափանցող, թոքի վնասում, աջից ստոծանու վնասումով թափանցող որովայնի խոռոչ, լյարդի աջ բլթի վնասում, հեմոռագիկ շոկ 4-րդ աստիճանի, գլխի մազածածկ շրջանի վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է ընդունվել մի քաղաքացի։ Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ տուժողը Աշտարակի խճուղում գործող գազալցակայաններից մեկի աշխատակից է։  Պարզվել է նաև, որ հուլիսի 11-ին՝ ժամը 07.00-ի սահմաններում, անհայտ անձը մոտեցել է գազալցակայանի աշխատակիցներին, կենցաղային հարցերի շուրջ վիճել նրանց հետ, որի ընթացքում մոտը եղած դանակով հարվածել է գազալցակայանի մեխանիկին՝ պատճառել վերոնշյալ վնասվածքները և դիմել փախուստի:  Ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ դանակահարողը երևանցի 29-ամյա Անդրանիկ Հ.-ն է, ով հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանություն։ Ըստ բժշկի տեղեկանքի, տուժողն ի վիճակի չի եղել կատարվածի վերաբերյալ հաղորդում տալու։ Անդրանիկ Հ.-ն ձերբակալվել է: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am