Դիլիջանում երկու երիտասարդի են դանակահարել. 16-ամյա կասկածյալը հայտնաբերվել է
ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում հուլիսի 10-ին դանակահարություններ են տեղի ունեցել և կասկածյալն արդեն իսկ հայտնաբերվել է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:
Հուլիսի 11-ին` ժամը 2:15-ին, «Դիլիջան» բժշկական կենտրոնից ոստիկանության Դիլիջանի բաժին հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի թափանցող և գոտկային շրջանի ձախ կողմի ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել մի երիտասարդ: Նա հիվանդանոցում հայտարարել է, որ վնասվածքը ստացել է իրենց տան դիմաց՝ վայր ընկնելու հետևանքով:
Նույն օրը` ժամը 7:35-ին, նույն բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «աջ ազդրի վերին երրորդականի միջնային մակերեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել մի երիտասարդ, որը հիվանդանոցում հայտնել է, որ նշված վնասվածքը ստացել է դանակահարության հետևանքով:
Ոստիկանության Տավուշի մարզային վարչության, Դիլիջանի բաժնի և քննչական բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների շնորհիվ պարզվել է, որ հուլիսի 10-ին՝ ժամը 21.50-ի սահմաններում, Գետափնյա փողոցում՝ թիվ 2 շենքի դիմաց, ծագած վիճաբանության ժամանակ երիտասարդներին դանակահարել է 2002 թվականին ծնված Վահե Ա.-ն: Նա հայտնաբերվել է:
Հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն: