Երևանում քաղաքացու են դանակահարել. մարմնական վնասվածք հասցնողը հայտնաբերվել և ձերբակալվել է

Armenpress 12:21, 12 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում տեղի ունեցած վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հուլիսի 11-ին ժամը 11.00-ին հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի թափանցող կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել մի քաղաքացի։ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հուլիսի 11-ին ժամը 10.10-ին, Պարույր Սևակի, 89 հասցեի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ դանակով հարվածել և քաղաքացուն մարմնական վնասվածք է պատճառել 23-ամյա Էրիկ Պ.-ն։ Կարճ ժամանակում նա հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին, որտեղ տվել է խոստովանական ցուցմունք: Էրիկ Պ.-ն ձերբակալվել է: Հանցագործության գործիքը հայտնաբերվել է: Կատարվում է նախաքննություն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am