«Շրջակա անցուդարձ» ժապավենը պատմում է Կահիրեում ապրող մարդկանց ոչ հեշտ առօրյայի, խնդիրների մասին

Armenpress 12:06, 12 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռոդ Էլ Ֆարագում` Կահիրեի ամենաաղքատ թաղամասերից մեկում, հանապազօրյա հաց հայթայթելը  մշտական  պայքար է, բայց  համայնքի ընդհանուր զգացումն օգնում է բնակիչներին դժվարությունները որոշ չափով հաղթահարել մի գործելակերպի շնորհիվ, որը հայտնի է որպես «ալ Գամիյա» կամ վարկային միություն: Աջակցությունից ավելի այս ժողովը թե՛ երեխաների, թե՛ մեծերի առօրյա կյանքի անբաժան մասն է:  ժողովը ֆիլմում դուռ է ավելի քան վեց տարվա ընթացքում հինգ կերպարների կենսունակության մեջ խորամուխ լինելու համար: Ֆիլմն իր հերոսների աչքերով ու ձայնով վկայված կյանքի հազվագյուտ, մտերմիկ ու իրական դիմանկար է երկաթուղային կայարանի տակ գտնվող  մի վայրում, որտեղ անդորրն անծանոթ  բան է: Կյանքը հոսում է հանապազօրյա հացի  փնտրտուքի և  մշտառկա գնացքների աղմուկի միջև:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` կինոնկարն ընդգրկվել է «Ոսկե ծիրան» միջազգային փառատոնի վավերագրական մրցույթում: Ֆիլմի մասին հուլիսի 12-ին լրագրողների հետ հանդիպմանը պատմեց ռեժիսոր Ռիմ Սալեհը:

«Այս ժապավենը ստեղծելու պատճառները շատ անձնական են. մայրս Եգիպտոսից է, հայրս՝ Լիբանանից: Մահանալուց առաջ մայրս խնդրեց իրեն հողին հանձնել Կահիրեում, որտեղ երկար տարիներ չէր եղել: Կահիրեում ինձ չափազանց հուզեց այդ համայնքի ապրելակերպը, մարդկանց հույսը, պայքարելու կարողությունը»,-ասաց  նա:

Նրա խոսքով` ինքը փորձել է ցույց տալ համայնքի իրական դիմանկարը, արտահայտել բնակիչների առաքինությունը և ընդգծել մարդկանց՝ միմյանց օգնելու պատրաստակամությունը:

«Մինչ օրս կապ ունեմ հերոսների հետ: Եվ շատ էինք ցանկանում նրանցից մեկի հետ գալ Հայաստան, բայց, ավաղ, անձնագրի հետ կապված խնդիրների պատճառով նա չկարողացավ միանալ մեզ»,-խոստովանեց ռեժիսորը:

Սալեհը շեշտեց, որ վեց տարի է աշխատել ֆիլմի ստեղծման վրա: «Չեմ ապրում Եգիպտոսում և գնալ գալու խնդրի առաջ էի կանգնում: Կային նաև ֆինանսական և քաղաքական հարցեր, որոնք դանդաղ էին լուծվում»,-պատմեց ռեժիսորը:

Ռիմ Սալեհն ավարտել է Լիբանանի ամերիկյան համալսարանը Բեյրութում` ուսանելով ռադիո, հեռուստատեսություն և կինոարվեստ, ինչպես նաև հոգեբանություն: Կարիերան սկսել է որպես թատրոնի ու կինոյի դերասանուհի` հաղթող ճանաչվելով MTV-ի հեռուստաալիքով (Murr Television) անցկացվող տեղական դերասանական մրցույթում: Նկարահանել է «Անզեն աչք» կարճամետրաժ ֆիլմը, բեմադրել Արթուր Քոփիթի «Թևեր» պիեսը և մասնակցել լիբանանյան MTV-ի և Rotana Enterprise-ի բազմաթիվ վավերագրական ֆիլմերի արտադրությանը: 2006-ին տեղափոխվել է Քաթար՝ «Ալ Ջազիրա» -ի մանկական ալիքում որպես պրոդյուսեր և ձայնավորող աշխատելու, ապա աշխատանքի է անցել Դոհա կինոինստիտուտում, որտեղ իր նպաստն է բերել բազմաթիվ ստեղծագործական նախագծերի` կինովերլուծականներից մինչև տեսանյութեր, և չորս տարի շարունակ եղել է «Աջյալ» ԿՓ-ի փոխնախագահը:

Կինոյի հանդեպ երկար տարիների ծարավի ու սիրո արդյունքում 2004-ին հիմնադրվեց «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնը:  Դա մի երազ էր, գաղափար, որ ծնվեց երեք մարդու  մտքում. այդ մարդիկ են  կինոռեժիսոր և  փառատոնի գլխավոր  տնօրեն Հարություն Խաչատրյանը, կինոքննադատ և փառատոնի  ծրագրերի ղեկավար Միքայել Ստամբոլցյանը,  կինոքննադատ և  փառատոնի գեղարվեստական ղեկավար Սուսաննա  Հարությունյանը:

Կինոփառատոնն ունի «Մշակույթների ու քաղաքակրթությունների խաչմերուկ»  կարգախոսը:  Նպատակը մշակութային  կամուրջներ կառուցելն ու տարբեր երկրների միջև երկխոսություն ստեղծելն է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am