1000х90.jpg (78 KB)

Ադրբեջանն ագրեսիվ քաղաքականություն է վարում ժողովրդավարության դեմ. Փաշինյանը ժամանեց ՆԱՏՕ-ի կենտրոնակայան

Armenpress 09:46, 12 Հուլիս, 2018

ԲՐՅՈՒՍԵԼ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բելգիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի երկրորդ օրը քիչ առաջ ժամանեց ՆԱՏՕ-ի կենտրոնակայան: Ինչպես Բրյուսելից հաղորդում է «Արմենպրես»–ի թղթակիցը, նախքան կենտրոնակայան մուտք գործելը նա պատասխանեց լրագրողի հարցին՝ նշելով, որ Հայաստանի նոր կառավարության առաջ ծառացած մարտահրավերը կառուցողական քաղաքականություն իրականացնելն է: Նա նշեց, որ Բրյուսելում կայացած հանդիպումների ժամանակ կառուցողական քննարկումներ է ունեցել անվտանգության հարցերի շուրջ:

«Հայաստանում ժողովրդավարական հեղափոխությունից հետո, դժբախտաբար, Ադրբեջանը դարձավ ավելի ագրեսիվ: Դա պարզապես ագրեսիվություն չէ Հայաստանի դեմ, դա ագրեսիվ քաղաքականություն է մեր տարածաշրջանում ժողովրդավարության դեմ»,- ասաց Փաշինյանը:

Հուլիսի 12-ին՝ օրվա առաջին կեսին Փաշինյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում հանդիպումներ կունենա Լատվիայի Հանրապետության նախագահ Ռայմոնդս Վեյոնիսի և Լիտվայի Հանրապետության նախագահ Դալիա Գրիբաուսկայտեի, Բելգիայի վարչապետ Շառլ Միշելի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի հետ:

Նախատեսվում է նաև Փաշինյանի ձեռքսեղմում-հանդիումը Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի, ինչպես նաև Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելայի հետ:

ՀՀ վարչապետը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կմասնակցի Հյուսիսատլանտյան խորհրդի և հաստատակամ աջակցության առաքելության մասնակից  գործընկեր երկրների նախագահների և կառավարությունների ղեկավարների նիստին, որի ժամանակ հանդես կգա ելույթով:

Այնուհետև, Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի հետ երկկողմ հանդիպումից հետո Փաշինյանը կուղևորվի Եվրոպական խորհրդի շենք, որտեղ կհանդիպի ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկի հետ:

Բելգիայի հայ համայնքը ներկայացնող գործարարների հետ ճաշից հետո ՀՀ վարչապետը կմեկնի Սուրբ Մարիամ Մագթաղինե հայ առաքելական եկեղեցի, որտեղ տեղի կունենա հանդիպում հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Հանդիպումից անմիջապես հետո վարչապետի ղեկավարած պատվիրակությունը կվերադառնա Հայաստան:

Արաքս Կասյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am