Ձեռքսեղմում Թրամփի, երկկողմ հանդիպում Ցիպրասի հետ. շարունակվում է ՀՀ վարչապետի հագեցած այցը Բելգիա

Armenpress 07:57, 12 Հուլիս, 2018

ԲՐՅՈՒՍԵԼ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Բելգիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի երկրորդ օրը ևս հագեցած կլինի կարևոր հանդիպումներով:

Ինչպես Բրյուսելից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, հուլիսի 12-ին՝ օրվա առաջին կեսին Փաշինյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում հանդիպումներ կունենա Լատվիայի Հանրապետության նախագահ Ռայմոնդս Վեյոնիսի և Լիտվայի Հանրապետության նախագահ Դալիա Գրիբաուսկայտեի, Բելգիայի վարչապետ Շառլ Միշելի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի հետ:

Նախատեսվում է նաև Փաշինյանի ձեռքսեղմում-հանդիումը Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի, ինչպես նաև Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելայի հետ:

ՀՀ վարչապետը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կմասնակցի Հյուսիսատլանտյան խորհրդի և հաստատակամ աջակցության առաքելության մասնակից  գործընկեր երկրների նախագահների և կառավարությունների ղեկավարների նիստին, որի ժամանակ հանդես կգա ելույթով:

Այնուհետև, Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի հետ երկկողմ հանդիպումից հետո Փաշինյանը կուղևորվի Եվրոպական խորհրդի շենք, որտեղ կհանդիպի ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկի հետ:

Բելգիայի հայ համայնքը ներկայացնող գործարարների հետ ճաշից հետո ՀՀ վարչապետը կմեկնի Սուրբ Մարիամ Մագթաղինե հայ առաքելական եկեղեցի, որտեղ տեղի կունենա հանդիպում հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Հանդիպումից անմիջապես հետո վարչապետի ղեկավարած պատվիրակությունը կվերադառնա Հայաստան:

Հուլիսի 11-ին սկսված աշխատանքային այցի շրջանակում Փաշինյանը ելույթ է ունեցել «Կարնեգի» հետազոտական կենտրոնում, պատասխանել ներկաների հարցերին, այնուհետև հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հետ:

Օրվա ավարտին նա այցելել է Բրյուսելի գեղարվեստի և պատմության թագավորական թանգարան, մասնակցել ՆԱՏՕ-ի գործընկեր պետությունների պատվիրակությունների ղեկավարների պատվին տրված ընթրիքին:

Արաքս Կասյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am