2007-2018թթ ընկած հատվածում Շիրակի մարզում չբացահայտված ու կասեցված քրեական գործերը վերականգնվել են

Armenpress 20:40, 11 Հուլիս, 2018

ԳՅՈՒՄՐԻ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզում չբացահայտված ու կասեցված քրեական գործերը վերականգնվել են: Խոսքը վերաբերում է 2007-ից մինչեւ 2018 թվականներն ընկած ժամանակահատվածում չբացահայտված գործերին:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը, փաստելով, որ իր հանձնարարականով ցուցում է տրվել 12 գործի վարույթ վերսկսվելու ու նախաքննությունը շարունակելու ուղղությամբ: Դրանք հիմնականում չբացահայտված սպանությունների, սպանության փորձերի, հրազենային վիրավորումներ ստանալու, ինչպես նաեւ անհետ կորած անձանց վերաբերող քրեական գործերն են:

«Բոլորն ուսումնասիրվել են դատավարական ղեկավարում իրականացնող դատախազների կողմից, բոլոր գործերով տրվել են կոնկրետ քննչական եւ այլ դատավարական գործողություններ կատարելու առարկայական ցուցումներ: Հաշվի առնելով նաեւ գործերում եղած մի շարք հանգամանքներ, հետաքննության մարմնին, ՇՄ վարչության պետին տրվել են հանձնարարություններ կոնկրետ օպերատիվ հետախուզական գործողություններ ձեռնարկելու վերաբերյալ»,-զրույցում ասաց ՇՄ դատախազ Կարեն Գաբրիելյանը: Դատախազությունը հետամուտ է լինելու, որ նշված քրեական գործերով լինեն բացահայտումներ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am