1000х90.jpg (78 KB)

Արցախի պետնախարար Մարտիրոսյանը ընդունել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանին

Armenpress 19:40, 11 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հուլիսի 11-ին ընդունել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԱՀ կառավարության պաշտոնական կայքից, պետական նախարարը կարևորել է ՀՀ տեղական ինքնակառավարման համակարգում իրականացվող ինստիտուցիոնալ բարեփոխումները՝ նշելով, որ ՏԻՄ բարեփոխումները Արցախում ևս օրակարգային հարցերից է համարվում: Մարտիրոսյանի խոսքով՝ տեղական ինքնակառավարման ակնկալվող փոփոխությունների նպատակն է, որ համայնքները ունենան ավելի մեծ ռեսուրսներ և լիազորություններ: «ՏԻՄ համակարգի բարեփոխումներն անհրաժեշտ գործընթաց են, որը կարող է էապես բարելավել հանրային կառավարման համակարգի գործառումը: Այս հարցում մեզ համար շատ օգտակար կլինի ծանոթանալ ՀՀ-ում առկա դրական փորձին, որպեսզի կարողանանք խուսափել հնարավոր սխալներից»,- ասել է պետնախարարը:

Շնորհակալություն հայտնելով Գրիգորի Մարտիրոսյանին ջերմ ընդունելության համար՝ նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ իրենք պատրաստ են աջակցելու Արցախում նախատեսվող գործընթացի կազմակերպմանը, և այդ ուղղությամբ արցախցի գործընկերների հետ կձևավորվի սերտ համագործակցություն:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածքային կառավարման ոլորտում համագործակցությանը վերաբերող այլ հարցեր: Արցախի գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը ևս մասնակցել է հանդիպմանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am