Այս պահին արդեն Արցախից Հայաստան էլեկտրաէներգիայի արտահանում ունենք. նախարար Գրիգորյանը հանդիպել է Արցախի գործընկերոջ հետ

Armenpress 17:19, 11 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության  էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանն ընդունել է աշխատանքային այցով Արցախ ժամանած ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության պատվիրակությանը՝ նախարար Արթուր Գրիգորյանի գլխավորությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանը ողջունելով հյուրերին շնորհակալություն է հայտնել հրավերն ընդունելու համար և կարևորելով երկու հանրապետությունների միջև համագործակցությունն ասել է. «Էներգետիկայի ոլորտը գերակայություն է համարվում մեր հանրապետությունում և կա ավանդական ձևավորված երկարամյա համագործակցություն երկու նախարարությունների միջև: Մենք ունենք մի շարք խնդիրներ, որոնք  պիտի քննարկենք միասին, քանի որ մեր երկու հանրապետությունները գտնվում են մեկ էներգետիկ դաշտում»,-ասել է Լևոն Գրիգորյանը:

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանն էլ հայտնել է, որ սա իր առաջին պատշոտական այցն է Արցախ, և վստահեցրել, որ դա կլինի շարունակական. «Այս պահին արդեն Արցախից Հայաստան էլեկտրաէներգիայի արտահանում ունենք: Մեզ համար ամենակարևոր ձեռքբերումն այն է, որ Արցախը այս պահին ինքնաբավ է էլեկտրաէներգիայի առումով, և մեր համատեղ աշխատանքների հետագա արդյունքը բերելու է նրան, որպեսզի մենք կարողանանք ավելացնել արտահանման ծալավներն և դրանից բացի կարողանանք նաև ապահովել ամբողջ միասնական համակարգի ձևավորումը, որի ցանկալի տարբերակը մեզ համար լինելու է էներգետիկ անվտանգության ապահովումն և հուսալիությունը»,-հայտնում է Արթուր Գրիգորյանը:

Հանդիպմանը Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի գլխավորությամբ քննարկվել է բարձրավոլտ էներգացանցերի հուսալիության և անվտանգության ապահովման խնդիրները, փոքր ՀԷԿ-երի շահագործման հանձնելու հետ կապված հարցերն ու Հայաստանի հետ փոխգործակցության խնդիրներն այս ոլորտում:

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության պատվիրակության հանդիպումը ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության հետ եզրափակվեց երկու նախարարությունների միջև համագործակցության համաձայնագրի ստորագրմամբ, որն էլ հիմք կհանդիսանա ՀՀ և ԱՀ համապատասխան գերատեսչությունների կապերի ընդլայնմանն ու խորացմանը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am