«Մայրամուտի բեռնատարը».ինչպես է իրանցի ընտանիքն ապրում անապատում

Armenpress 13:57, 11 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Իրանցի ռեժիսոր Աբուֆազլ Սաֆարիի «Մայրամուտի բեռնատարը» ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ Հայաստանում: Իրանի և Գերմանիայի համատեղ արտադրած կինոնկարը Երևանյան 15-րդ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» ծրագրում է: Այն Հայաստան է բերել ֆիլմի պրոդյուսերը՝ Նորիկ Քեշիշյանը:

«Շնորհակալություն եմ հայտնում «Ոսկե ծիրան» փառատոնին, որ առիթ տվեցին ֆիլմն այստեղ ցուցադրել: «Ոսկե ծիրան»-ը շատ մեծ դեր է ունեցել ֆիլմի ռեժիսորի կյանքում: 2006 թ. Աբուֆազլ Սաֆարին իր առաջին ֆիլմը փառատոնին ներկայացրեց, և այստեղ ծանոթացանք իր հետ, կամաց-կամաց սկսեցինք իրար հետ աշխատել»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Նորիկ Քեշիշյանը:

Ֆիլմի հերոս իրանցի ընտանիքը երկար տարիներ ճամբար է պահում անապատի սիրահարների համար: Գործն աստիճանաբար մարում է, երբ Արաշը, ամենափոքր որդին, նոր գաղափար է ունենում: Ֆեյսբուքի հմուտ օգտագործմամբ նա դեպի ճամբար նոր հյուրեր է գրավում` խոստանալով տրամադրել աշխարհի ամենագեղեցիկ մայրամուտը: Գործը կրկին ծաղկում է: Սակայն շուտով այլ խնդիրներ են առաջանում…

Պրոդյուսերը փաստում է՝ այս պատմությունը իրական չէ: Սակայն այն կարող էր ցանկացած վայրում էլ պատահել: Չէ՞ որ, ըստ Նորիկ Քեշիշյանի, ցանկացած մարդու փափագն է կարողանալ ազատության մեջ ապրել, հեռու լինել առօրյա սթրեսներից: Ֆիլմն Իրանում դեռ չի ցուցադրվել, համաշխարհային պրեմիերան հենց  «Ոսկե ծիրան» -ում է տեղի ունեցել: Ըստ Նորիկ Քեշիշյանի՝  այն ներկայացվել է այլ փառատոնների, հաջորդը Սան Պաուլուի միջազգային կինոփառատոնն է:

Ի դեպ, հայ կինոպրոդյուսերը դեմ չի լինի աշխատել նաև հայ կինոգործիչների հետ: «Իմ ցանկությունն է, որ կարողանամ Հայաստանի հետ մի նախագիծ անել: Մինչև հիմա հաջող սցենար չեմ ստացել, առիթ չի եղել: Բայց եթե առիթ լինի՝ սիրով»,-հավելեց Նորիկ Քեշիշյանը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am