Նախագահը Համահայկական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդին առաջարկել է ընդունել գործադիր տնօրենի հրաժարականի դիմումը

Armenpress 13:12, 11 Հուլիս, 2018
ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հանրապետության նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանը հուլիսի 10-ին նամակով դիմել է Հոգաբարձուների խորհրդի անդամներին՝ առաջարկելով ընդունել Հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանի հրաժարականի դիմումը, որը վերջինս ներկայացրել էր նախորդ օրը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, միեւնույն ժամանակ, Հանրապետության նախագահն առաջարկում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչության ղեկավարումը ժամանակավորապես դնել Հոգաբարձուների խորհրդի անդամ, Ֆրանսիայի տեղական մարմնի ատենապետ Պետրոս Թերզյանի վրա, այնուհետեւ հայտարարել բաց մրցույթ՝ Հիմնադրամի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար:

Այդ նպատակով առաջարկվում է ստեղծել մրցույթային հանձնաժողով՝ Պետրոս Թերզյանի նախագահությամբ: Հանձնաժողովի կազմի մեջ ընդգրկվելու են նաեւ Հանրապետության նախագահի, վարչապետի, Արցախի Հանրապետության նախագահի մեկական ներկայացուցիչ, ինչպես նաեւ Հոգաբարձուների խորհրդի անդամ Ալբերտ Պողոսյանը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am