1000х90.jpg (78 KB)

Միապաղաղ կյանքով ապրող Կարայի խնդիրները ներկայացվում են «Տոմբե» ֆիլմում

Armenpress 15:38, 10 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Տոմբե» կարճամետրաժ կինոնկարի հերոսուհի Կարան «Ոսկե ձկնիկ» ճաշարանում ափսե լվացող է աշխատում: Նրա կյանքը նման է գորշ օրերի անվերջ շարանի՝ հեռու մեծ քաղաքի կանչող լույսերից: Կարան ամեն գիշեր ոտքով միայնակ վերադառնում է տուն, որպեսզի փող խնայի ընտանիքի համար: Մի անգամ անսպասելի միջադեպը խախտում է նրա միօրինակ առօրյան:

Կինոժապավենն ընդգրկվել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» բաժնում: Ֆիլմի մասին հուլիսի 10-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեց ռեժիսոր Դիանա Կարդումյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`Կարդումյանն ասաց, որ նախընտրել է մի վերնագիր, որը միանգամից չի բացահայտում ժապավենի բուն էությունը, հատկապես հայ հանդիսատեսի մեծամասնության համար: «Ինքս անմիջական կապ ունեմ բալետային արվեստի հետ և վերնագիրն ընտրեցի բալետում օգտագործվող մի տերմին` «Տոմբե»: Այն «ընկնել» բառի հարակատար ձևն է: Ցանկացել եմ նկարագրել հերոսի անկումային տրամադրությունը»,-նշեց նա:

Ֆիլմը ցուցադրվել է Մոսկվայի միջազգային կինոփառատոնում: Ռեժիսորի խոսքով` դա մեծ ձեռքբերում է ոչ միայն ֆիլմի, այլև Հայաստանի համար, քանի որ վերոնշյալ կինոփառատոնը բարձր վարկանիշ ունի: «Մեզ համար մասնակցությունը բավականին հետաքրքիր փորձառություն էր: Ֆիլմը երկու օր է ներկայացվել լեփ-լեցուն դահլիճներում: Զարմացրեց այն, որ, ի տարբերություն մեր երկրի, այնտեղ  կարճամետրաժ կինոնկարի հանդեպ այդքան մեծ հետաքրքրություն կա: Կարճ ֆիլմը կարճ պատմվածքի նման է: Կարող է խորություն ունենալ, ինչպես օրինակ Չեխովի պատմվածքներն են»,-ընդգծեց նա:

Դիանա Կարդումյանը ծնվել է Արցախում: 1992-ին ծնողների հետ տեղափոխվել է Հայաստան: Սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի խաղարկային կինոյի բաժնում: Մասնակցել է մի շարք միջազգային կինոփառատոնների, սեմինարների և վարպետության դասերի: Նա նկարահանել է «Սկիզբ», «Էկզերսիս», «Կարմիր խնձոր», «Աշնան արև» և այլ ֆիլմեր:

 Կինոյի հանդեպ երկար տարիների ծարավի ու սիրո արդյունքում 2004-ին հիմնադրվեց «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնը: Դա մի երազ էր, գաղափար, որ ծնվեց երեք մարդու  մտքում. այդ մարդիկ են կինոռեժիսոր և  փառատոնի գլխավոր  տնօրեն Հարություն Խաչատրյանը, կինոքննադատ և փառատոնի  ծրագրի ղեկավար Միքայել Ստամբոլցյանը,  կինոքննադատ և  փառատոնի գեղարվեստական ղեկավար Սուսաննա  Հարությունյանը:

Կինոփառատոնն ունի «Մշակույթների ու քաղաքակրթությունների խաչմերուկ»  կարգախոսը:  Նպատակը մշակութային  կամուրջներ կառուցելն ու տարբեր երկրների միջև երկխոսություն ստեղծելն է:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am