Ստամբուլի հայկական թաղամասի ծերանոցի իրադարձությունները ներկայացվում են «Հեռավոր համաստեղություն» ժապավենում


ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի, Թուրքիայի և Հոլանդիայի համատեղ արտադրության «Հեռավոր համաստեղություն» ֆիլմը ներկայացնում է Ստամբուլի մի ծերանոց, որտեղ կինոխցիկի ուշադրությանն են արժանանում «մարտերում կոփված»  տեղաբնակները: Խռպոտ ձայնով մի կին  Հայոց  ցեղասպանության մասին իր հուշերն է  պատմում: Քաղցր խաբկանքով տարված դաշնակահարը մի ստեղծագործություն է կատարում մինչև սիրո խոստովանություն անելը:  Մի կույր լուսանկարիչ սկսում է իր խաղը՝ սեփական խցիկը մեզ ուղղելով: 

 Կինոժապավենն ընդգրկվել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի  վավերագրական մրցույթում:

Ֆիլմի մասին հուլիսի 10-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեց ժապավենի պրոդյուսեր Դենիզ Բուգան:

«Ծերանոցի միջոցով ցանկացել ենք  աշխարհին բացահայտել Ստամբուլը:  Երկար տարիներ կամավոր եմ աշխատել  այդտեղ: Կինոնկարի նկարահանումներն իրականացել են վեց տարում: Այսօր հստակ կարող եմ ասել, որ ծերանոցի բնակիչներն իմ ընկերներն են դարձել:  Նրանց թվում են  քրիստոնյաներ, ասորիներ, հայկական անցյալ ունեցող մարդիկ: Սա ֆիլմ է ծերունիների կյանքի, ծերացման գործընթացի և Ստամբուլի մասին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ`նշեց նա:

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը Երևանում տեղի ունեցող ամենամեծ մշակութային իրադարձություններից է: Հիմնվել է 2004 թվականին` «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի, Կինոգետների և կինոլրագրողների հայկական ասոցիացիայի կողմից։ «Ոսկե ծիրանի» հիմնադիրներն են կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը, կինոքննադատներ Միքայել Ստամբոլցյանը և Սուսաննա Հարությունյանը։ «Քաղաքակրթությունների ու մշակույթների խաչմերուկ». այս նշանաբանով է գործում «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը հիմնման պահից ի վեր: Փառատոնն ամեն տարի կինոարվեստի երկրպագուների ուշադրությանն է ներկայացնում 120-150 ֆիլմ`մրցութային և արտամրցութային տարբեր ծրագրերով։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am